Home / Армения / Տեսահոլովակում պատկերվածների ինքնությունը կարելի է պարզել մի քանի օրում. ՀԱԿ

Տեսահոլովակում պատկերվածների ինքնությունը կարելի է պարզել մի քանի օրում. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը Youtube-ում հայտնված
տեսահոլովակի վերաբերյալ, որը վերջին օրերին հասարակության քննարկումների առարկա է
դարձել, հայտարարություն է տարածել.

«Վերջին օրերին ինտերնետային տարբեր կայքերում
տարածվել է սահմռկեցուցիչ մի տեսագրություն որպես բանակում տիրող բարքերի մի
օրինակ։ Սպան՝ գոտկատեղից վերև մերկ, հրեշային ու անասնատիպ մի կերպար, կանաչների
մեջ նստած ճաշում է, իսկ նրա դիմաց երկու զինվորներ են նստած։ Վերջիններիս նա հերթով
հրամայում է գլուխը մոտեցնել, բռնում, ամբողջ ուժով քաշքշում է զինվորների
ականջներից, ապա հարվածում դարձյալ ականջներին՝ ափի այնպիսի դիրքով, որ արտաքին
կեպտուկներ չառաջանան, բայց պայթեն թմբկաթաղանթները։ Երկու զինվորները լուռ ու
անմռունչ միմյանց հերթագայելով, ըստ հրամանի, մոտենում են նրան։ Հստակ երեւում է,
որ զինվորները ոչ թե, ասենք, պատժվում են ինչ-որ զանցանքի համար, այլ դա հրեշատիպ
սպայի համար ճաշին ուղեկցող ճիվաղային մի ծիսակատարություն է։ Անգամ ֆաշիզմի ու
նրա ներկայացուցիչների գազանությունները, մարդկային արժանապատվությունը
վիրավորելու ու ստորացնելու մասին նրանց արաքների ամենաչափազանցված պատկերումը
գեղարվեստական ֆիլմերում իրենց զազրելիությամբ չեն կարող մրցել 3-4 րոպեանոց այդ
տեսանյութի հետ։ Եւ իսկույն հասկանում ես հատկապես վերջին շրջանում բանակում
հաճախացած ողբերգական ու արյունոտ դեպքերի պատճառը։ Այսօրինակ անմարդկային
նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ,
կարող է դիմել և՛ ինքնասպանության, և՛ սպանություն, և՛ գերադասել փախուստը
հակառակորդի մոտ։ Լավագույն դեպքում՝ նա տուն կվերադառնա ֆիզիկապես, բարոյապես ու
հոգեպես լիակատար խեղված վիճակում։ Մի բան նա հաստատ չի անի՝ անհրաժեշտության
դեպքում չի կռվի հակառակորդի դեմ։ Այդպե՛ս են ոչնչացնում բանակը եւ հանձնում
Ղարաբաղը։

Այս առիթով պաշտպանության նախարարության տարածած
հապշտապ, անգրագետ ու հակասական հայտարարությունը 
ոչ այնքան իրողությունը բացահայտելու, որքան այն ծածկելու, պարտակելու
նպատակ է մատնում։ Համենայնդեպս պատժի սպառնալիքներն ավելի շատ ուղղված են ոչ
այնքան բռնության ու նվաստացումների հեղինակին, այլ, չգիտես ինչու, տեսանյութը
«պատրաստողներին ու կանխամտածված տարածողներին»։

 

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ հիշյալ
տեսանյութում բավարար հստակությամ պատկերված երկու զինվորների
և սպայի ինքնության ճշտումը տեխնիկական զինվածության
ներկա պայմաններում, եթե ոչ ժամերի, ապա ընդամենը մի քան օրվա պարզագույն խնդիր է։
Կատարվածը ոչ թե սովորական ծեծ կամ ոչ կանոնակարգային արարք, այլ դավաճանության
ծանրագույն հանցանք է՝ ուղղված երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված
կառույցի՝ բանակի քայքայման ու բարոյալքմանը։ Իշխանությունը պարտավոր է
առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել անասնակերպ այդ հրեշ սպային,
գործի քննությունը տանել հրապարակային՝ դրան մասնակից դարձնելով նաեւ քաղաքացիական
հասարակությանը՝ ի դեմս իրավապաշտպան կազմակերպությունների և լրագրողների։
Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել երկու զինվորների,
ինչպես նաեւ տեսանյութի հեղինակի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։ Հակառակ
դեպքում սույն ոճրագործ արարքի հանցակիցներ կհամարվեն բանակի համար բոլոր
պատասխանատուները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ելնելով ՊՆ-ի տարածած
հայտարարությունից, Կոնգրեսը խոր մտավախություն ունի, որ իշխանությունն արդեն իսկ
սույն փաստը ծածկադմփոց անելու քաղաքական որոշում ունի։ Ուստիեւ՝ մենք նաեւ կոչ
ենք անում բոլոր քաղաքացիներին՝ ուշադիր նայել տեսանյութը. երկու զինվորներին ու
սպային ճանաչողներին խնդրում ենք տեղեկություններ հաղորդել Հայ Ազգային Կոնգրես։
Այս գործը պետք է բացվի ու պատժվի ամենայն խստությամբ։ Հիշե՛ք, խոսքը վերաբերում է
ոչ միայն մեր բանակին՝ որպես երկրի անվտանգությունը երաշխավորող կառույցի, խոսքը
վերաբերում է մեր տասնյակ հազարավոր երեխաների առողջությանն ու ճակատագրին, որոնք
այսօր ծառայում են բանակում եւ այլ տասնյակ հազարավորների, որոնք վաղը կզորակոչվեն»։