Մոտ երկու ամիս է` հանրապետությունում սկսվել է խաղողի մթերման գործընթացը, որը, ինչպես գրեթե ամեն տարի, այս անգամ ևս կատարվում է գյուղացիներին բառի բուն իմաստով հարստահարելու ճանապարհով, գրում է պարբերականը:
Չնայած նախապես հայտարարվել էր, որ 1 կգ խաղողը մթերվելու է նվազագույնը 120 դրամով, սակայն մեծ թվով գյուղացիներ ստիպված են եղել իրենց բերքը գործարաններին և այլ մթերողներին հանձնել ընդամենը 40-50 դրամով: Բանն այն է, որ մթերողների հետ պայմանագրեր չունեցող գյուղացիներն ուղղակի անելանելի կացության մեջ են հայտնվում. նրանք ստիպված են խաղողը հանձնել 40-50 դրամով, այլապես այն լավագույն դեպքում կարող են օգտագործել որպես անասնակեր: Իսկ «ամենահետաքրքիրը» հենց պայմանագրերին վերաբերող հարցն է, որը խաղողի վազի նման «պարուրվում է» առաջիկա քաղաքական զարգացումներին: Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում պատմել են Արարատի մարզի բազմաթիվ բնակիչներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գինու և խաղողի կոմբինատի համար մթերում իրականացնող կետերը գյուղացիներից խաղողը նորմալ գնով ընդունելու համար նրանց առաջարկում-պահանջում են կամ անձամբ անդամագրվել ԲՀԿ-ին, կամ ներակացնել ընտանիքի անդամներից որևէ մեկի անունը: Ոմանք համաձայնում են, ոմանք էլ` արդեն համաձայնվածներին են վաճառում 1 կգ-ն 50 դրամով, որպեսզի արդեն կուսակցական դարձած գյուղացին այն կուսակցական մթերակետին հանձնի 120-130 դրամով:
Բնականաբար, ԲՀԿ-ից այս լուրերը կհերքեն` դրանք որակելով` որպես ստոր հերյուրանքներ: Բացառված չէ, որ «նորաստեղծ» ավանդույթի համաձայն, ասենք, ԲՀԿ անդամ գյուղացիները` երիտկուսակցականների օրինակին հետևելով` բողոքի ցույց կազմակերպեն մեր խմբագրության շենքի առջև: Հաշվի առնելով կուսակցաշինության կարևորությունը և ընտրություններից առաջ միջոցների սղությունը` ցույցի հնարավոր մասնակիցներին ու հատկապես նրանց նորաձև առաջնորդներին խորհուրդ ենք տալիս ակցիային մասնակցել համեմատաբար դիմացկուն կոշիկներով, քանի որ մեր խմբագրության շենքի ողջ տարածքում շինարարություն է ընթանում: