Վրաստանը բոլոր դավանանքների ու եկեղեցիների հանդեպ հանդուրժողական քաղաքականություն է վարում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն
«Կա՞ արդյոք մի դեպք, որ հայկական եկեղեցին խնդիր է ունեցել իր իրավունքները իրականացնելու գործում։ Կա՞ որևէ խնդիր` երբեք խնդիր չի եղել», – ասել է նա:
Բարամիձեի խոսքով` Վրաստանում չկա պաշտոնապես գրանցված եկեղեցի կամ դավանանք, որովհետեւ դրա կարիքը չունեն։ Միայն մեկ սահմանադրական համաձայնություն կա պետության և Վրաստանի Ուղղափառ եկեղեցու միջև, որը տարանջատում է իրավունքները, և պետությունը պատասխանատվություն է ստանձնում վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցուց բռնագրավված սեփականությունը։ «Սրանից բացի` մենք գրանցված այլ եկեղեցի չունենք», – նշել է փոխվարչապետը:
Նրա պարզաբանմամբ` եկեղեցու գրանցումը կստեղծի ահռելի իրավական տարբեր խնդիրներ, որի կարիքը չունեն. – «Ինչի՞ համար. եթե որևէ խնդիր կա, մենք պատրաստ ենք լուծել այն, եթե խնդիր չկա, ինչո՞ւ ստեղծել։ Մենք դա չենք կարող հասկանալ»։
Ինչ վերաբերում է հայ համայնքի ինտեգրումը չափից դուրս արագ կատարելուն, Բարամիձեն ասել է. «Մենք տեղյակ ենք մեր որոշ քաղաքացիների մտահոգություններին»։
Նրա խոսքերով` Վրաստանը նորմալ, եվրոպական երկիր է կառուցում, որտեղ յուրաքանչյուր անհատի ու էթնիկ խմբերի իրավունքները հարգվում են։
Գիորգի Բարամիձեն նշեց, որ Վրաստանում հայկական դպրոցներ կան, «վարդերի հեղափոխությունից» հետո Ախալքալաքում ճանապարհներ են կառուցվում, ներդրումներ են արվում ենթակառույցներում։
Վրացի փոխվարչապետը ընդգծեց, որ Հայաստանի վարորդների համար ևս շատ կարևոր է, որ Վրաստանի ճանապարհներին կոռուպցիա չկա։
«Հայաստանը ապրանքների 80 տոկոսը ստանում է Վրաստանի տարածքով, հայ վարորդների համար հիմա շատ ավելի հեշտ է անցնել Վրաստանի տարածքով: Ավելի ու ավելի շատ հայ զբոսաշրջիկներ են այցելում Վրաստան։ Մենք գերազանց համագործակցություն ունենք կառավարությունների մակարդակով, նախագահների մակարդակով», – ասաց Բարամիձեն:
Նշելով, որ դժվարություններ կան, նա ասաց, թե Ռուսաստանը շատ է փորձում խնդիրներ առաջացնել Հայաստանի ու Վրաստանի միջև, և մի փաստ մատնանշեց. «Ռուսաստանը առաջարկել էր բացել երկու երկրների միջև միակ օրինական անցակետը` Վերին Լարսը։ Վրաստանը համաձայնել էր, բայց հետո Ռուսաստանը ասաց, թե կբացի անցակետը, միայն թե այնտեղով պետք է անցնեն Հայաստանի բեռնատար ավտոմեքենաները` նպատակ ունենալով, որ մենք «ոչ» կասենք, բայց մենք «այո» ասացինք»։
Բարամիձեն կրկնեց, թե Ռուսաստանը շատ է փորձում լարվածություն սադրել երկու երկրների միջև: Նրա կարծիքով` հայ հասարակությունը շատ ազդեցություն է կրում ռուսական մամուլից, որը թշնամաբար է տրամադրված Վրաստանի հանդեպ։
Նշելով, թե երկու երկրների, երկու ժողովուրդների շահերը պահանջում են զարգացնել բարեկամական հարաբերությունները, Բարամիձեն ասաց, որ երկու երկրների կառավարությունները, նախագահները, նաև հասարակությունը դա շատ լավ հասկանում են։