ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում սպանված Վ.Խալաֆյանի գործով ամբաստանյալ, տեղի ոստիկանության քրեական հետախութզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը ֆիզիկական անվտանգության խնդիր ունի, գրում է «Հայկական ժամանակը»:
Հարությունյանը Խալաֆյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել է, թե ինքնասպանություն չի եղել և չի բացառվում, որ վաղը կայանալիք նիստում բացահայտի մարդասպանին: Հարությունյանի վերջին հայտարարությունից հետո, ըստ Չարենցավանի մեր աղբյուրների, նրա հարազատների վրա լուրջ ճնշումներ են գործադրվել, իսկ կնոջ` Արաքս Մկրտումյանի ազգականներից մեկը տարվել է ոստիկանության բաժին, որտեղ տեղի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը նրա հասցեին սպառնալիքներ է տեղացել: Մկրտումյանը երեկ մեզ հետ զրույցում ասում էր, թե իր հարազատներին չեն սպառնացել, սակայն ամուսնուն զգուշացրել են, որ եթե շարունակի դատարանում հայտարարություններ անել, նրան կտանեն ԱԱԾ մեկուսարան: Հարությունյանի հարազատները, որ պնդում են, թե գիտեն ով է Խալաֆյանին խոշտանգողը, լուրջ մտավախություններ ունեն, որ Հարությունյանին կարող են ֆիզիկապես ոչնչացնել: