Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով հերթական դատական նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընդմիջվեց` ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի առողջական վատ վիճակի պատճառով:
Դատարանի դահլիճ բերելիս նա սրտխառնոց էր ունեցել, փսխել, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:
Հարությունյանն իր պաշտպանյալ Սեդա Սաֆարյանին փոխանցել էր, որ շատ թույլ է և ի վիճակի չէ որևէ բան անել:
Սեդա Սաֆարյանի վկայությամբ` իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է արդեն 4 օր: Փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը ընդմիջվի, և հնարավորություն տրվի ամբաստանյալին բուժզննման ուղարկելու:
Դատավորը 30 րոպեով ընդմիջում հայտարարեց, և շտապ օգնություն կանչվեց: Կեսօրին մոտ բժիշկները դեռ զննում են Աշոտ Հարությունյանին:
Հարությունյանը մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության: Ուրբաթ, սակայն, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում նա հայտարարել էր, թե իրականում ինքնասպանություն տեղի չի ունեցել: