Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Հրանտ Դինքի գործով դատական վճիռը: Նշենք, որ Հրանտի Դինքի ընտանիքը դիմել էր եվրոպական դատարան` մեղադրելով Թուրքիայի Հանրապետությանը լրագրողի կյանքի անվտանգությունը չապահովելու և կարծիքի ազատությունն արգելելու մեղադրանքներով:
Դատարանը երկու հայցով էլ մեղավոր է ճանաչել Թուրքիայի Հանրապետությանը: Այսօր հրապարակված որոշման համաձայն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է պետությանը 105,000 եվրո վճարել Դինքի ընտանիքին և 28,595 եվրո վճարել` դատական ծախսերը փակելու համար:
Դինքի ընտանիքի փաստաբանները բազմիցս նշել են, որ իրենց խնդիրը ոչ թե նյութական, այլ բարոյական փոխհատուցումն էր, ապացուցելը, որ Թուրքիայի հանրապետությունը չի ապահովել Դինքի կյանքի և խոսքի ազատության իրավունքը:
Նշենք, որ սույն որոշումը դատարանը կայացրել է Հրանտ Դինքի ծննդյան տարեդարձի նախօրեին: