Հայաստանում ռուսական ռազմաբազաների պայմանագրի երկարաձգման մասին այսօր խոսել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նա նշել է, որ եթե սկսի խոսել այդ պայմանագրի բացասական հետևանքների մասին, ապա պետք է վերադառնա 1995 թվական, երբ այդ պայմանագիրը կնքվեց:
Հայրիկյանը կարծում է, որ այդ պայմանագրում միտումնավոր կերպով չկա մի կետ, որում նշված է, թե ինչպես կարելի է հրաժարվել դրանից:
Նրա կարծիքով` այն ժամանակվա իշխանությունները այսօրվա իշխանությունների շարունակությունն են:
«Կոմունիստները նշանակեցին ՀՀՇ-ականներին, ՀՀՇ-ականներն էլ ՀՀԿ-ականներին»,- ասել է Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով հայ ռուսական հարաբերություններին` Հայրիկյանը նշել է, որ ինքը կողմ է հայ-ռուսական առողջ հաարբերություններին, սակայն անցյալի բացասական երևույթները չի կարող մոռանալ:
Հայրիկյանը նաև խոսել է Ռուսաստանի` Հայաստանի անվտանգության երաշխավոր լինելու մասին:
«Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Ռուսաստանը վերջին հարյուրամյակներում եղել է ոչ թե Հայաստանի անվտանգության, այլ վտանգավորության երաշխավորը: Ռուսաստանն էր մեղավոր, ցեղասպանության հետևանքների համար, Ռուսաստանն էր մեղավոր, որ Սևրի պայմանգիրը չեղյալ համարվեց»,- ասել է Պարույր Հայրիկյանը: