Իրանում ազատ է արձակվել ամերիկուհի Սարա Շուրդը, ով ձերբակալվել էր 2009թ. հուլիս ամսին լրտեսության մեղադրանքով, հաղորդում է Press TV-ն:
Շուրդն ազատ է արձակվել անմիջապես նրանից հետո, երբ ամերիկյան կողմը վճարել է 500 հազ. դոլարի գրավը: Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատանը, որը ներկայացնում է Իրանում Միացյալ Նահանգների շահերը, առայժմ չեն մեկնաբանել Շուրդի ազատ արձակման լուրը:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի դատախազությունը հայտնել էր, թե պատրաստ է ազատ արձակել ամերիկուհուն, եթե երկրի իշխանությունները ստանան նշված գումարը: Սակայն Շուրդի ընտանիքն ի վիճակի չէր հավաքել այդ գումարը. դրամական օգնություն ցուցաբերելուց հրաժարվում էին նաև ԱՄՆ իշխանությունները:
Հիշեցնենք, որ Սարա Շուրդը երկու այլ ամերիկացիների հետ միասին ձերբակալվել էր 2009թ. հուլիսի 31-ին: Նրանց դեմ առաջ էր քաշվել սահմանի ապօրինի հատման և լրտեսության մեջ մեղադրանք: Ըստ ձերբակալվածների վարկածի` նրանք պատահմամբ էին հատել սահմանը` ուսումնասիրելով հարևան Իրաքի տեսարժան վայրերը: