Home / Հայաստան / Զինվորների ստորացումը բանակի առօրյան է… ՊՆ-ն առայժմ հայտնելու բան չունի

Զինվորների ստորացումը բանակի առօրյան է… ՊՆ-ն առայժմ հայտնելու բան չունի

Ինտերնետում տարածում գտած աղմկահարույց տեսանյութի ծագման մասին դեռ ոչինչ չի պարզվել, Epress.am-ի հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարության մամուլի հետ կապերի պատասխանատու Մուշեղ Աղեկյանը:

Հիշեցնենք, որ տեսանյությում հայկական բանակի համազգեստի տաբատով գոտկատեղից վերև մերկ մոտ 40 տարեկան տղամարդ չորս րոպե շարունակ ապտակներ է հասցնում զինվորական հագուստով երկու տղաներին:

Աղեկյանը հաստատեց, որ եթե պարզվի նյութի կեղծ լինելը, դրա հեղինակներն ու տարածողները կպատժվեն, հակառակ դեպքում` իր պատիժը կկրի տեսանյութի հերոսը:

Հարցին, թե ինչ է արվել այդ հարցում մինչև այսօր և արդյոք ՊՆ-ի տեխնիկական և մասնագիտական հագեցվածությունը թույլ է տալիս պատշաճ կերպով զննել տեսանյութը, Աղեկյանը պատասխանեց, որ առայժմ լրատվամիջոցների համար տեղեկատվություն չունի:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Նոռա Ալավերդյանը Epress.am-ին հայտնեց, որ օմբուդսմենն այս փուլում չի զբաղվում տվյալ հարցով: ՄԻՊ-ը համապատասխան հարցում կուղարկի ՊՆ այն դեպքում, եթե պարզվի, որ տեսանյութը մարդու իրավունքների խախտման ապացույց է հանդիսանում, հավելել է Ալավերդյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն անմիջապես ներգրավված չէ այդ տեսանյութի շուրջ տարվող աշխատանքներում, որովհետև այս պահին զբաղված է Մարտունիում 6 զինվորի սպանության գործով:

Միևնույն ժամանակ, Սաքունցն ուշադրության տակ է պահում տեսանյութի հետ կապված զարգացումները: «Սպաների կողմից զինվորների ստորացումները շատ տարածված երևույթ է հայկական բանակում, բայց դրանց մասին բարձրաձայնում են խոշտանգումների ենթարկված զինծառայողների սպանությունից հետո», – Epress.am-ին հայտնեց Սաքունցը:

Մեկնաբանելով պաշտպանության նախարարության արձագանքը, ըստ որի ՀՀ ԶՈՒ ղեկավար մարմինը կասկածում է տեսանյութի իսկությանը և խոստանում պատժել այն տարածողներին, Սաքունցը նշել է, որ ռազմական գերատեսչությունը ստեղծել է մի մթնոլորտ, երբ բանակում ստորացումների ենթարկվածների բողոքներն անտեսվում են, իսկ մեղավորներն անպատիժ են մնում:

Բանակի ղեկավարությունը, ըստ իրավապաշտպանի, զբաղված է ոչ թե հանցագործներին բացահայտելով, այլ փորձում է ամեն գնով քողարկել փաստերը և վրեժխնդիր լինել տեղեկություններ հայտնողներից և դրանք տարածողներից:

«Մարդիկ նման իրավիճակում գերադասում են չբողոքել, և այս տեսանյութը վերջին ճիչն է բարձրաձայնելու այս հարցը: Խնդիրը տեսանյութը չէ, այլ երևույթն է, որը համատարած բնույթ է կրում զինված ուժերում և բանակի առօրյան է դարձել», – հայտնել է Սաքունցը:

Նա նաև անհեթեթություն համարեց այն պնդումները, թե տեսանյութը պատրաստվել է Ադրբեջանի կողմից:

«Երբ որ ադրբեջանական բանակում տիրող անկարգությունների մասին տեսաերիզներ են ի հայտ գալիս, հայկական կողմը անմիջապես հայտարարություններ է անում, թե տեսեք` ինչ է կատարվում իրենց բանակում: Եվ ոչ ոք չի ասում, որ վիդեոները կարող են Հայաստանում պատրաստված լինել», – հավելել է իրավապաշտպանը:

Ստորև ներկայացված է տեսանյութի հղումը, սակայն նշենք, որ տեսանյութերը պարբերաբար անհետանում են, իսկ youtube-ի օգտատերերը պարբերաբար վերակագնում են դրանք:

http://www.youtube.com/watch?v=fOTt2znYS1c