Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
Ինչպես նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, այս նախաձեռնությամբ նախատեսվում է երկու անգամ կրճատել գրանցման համար պահանջվող փաստաթղթերի քանակը։ Այսինքն` գրանցման համար անհրաժեշտ կլինի ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, ընկերության կանոնադրությունը և պետական տուրքերի վճարման մասին անդորագիրը։
«Վարչական մարմինները մեկ ամբողջական համակարգ են և, եթե միմյանցից տեղեկատվություն ստանալու խնդիր ունեն, ապա դա պետք է լուծվի իրենց մեջ, երբեք քաղաքացին չպետք է միջամտի այդ հարաբերությունների մեջ` դառնալով վարչարարության փոքրիկ գործիք»,- ասել է Գևորգ Դանիելյանը։ Ըստ նրա` դրանով հեշտացվում են ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերը, կրճատվում են ժամանակը և ծախսերը։
«Սա վարչարարության ոլորտում նոր մոտեցում է, մենք փորձել ենք այնպիսի համակարգ ներդնել, որով հնարավորինս կնվազեցվի վարչական մարմնի հետ շփումները »,-ասել է Գևորգ Դանիելյանը։
Օրենքների նախագծերով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնելու բոլոր ընթացակարգերը` համագործակցելով այլ պետական կառույցների հետ։