Ադրբեջանը կարող է նոր բանաձևի նախագիծ ներկայացնել ՄԱԿ-ում: Այսօրվա ասուլիսի ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը` խոսելով ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևի մասին: Բանախոսը համոզված է, որ բանաձևը չէր հանվի, եթե չլիներ Մինսկի խմբի համանախագահների միջամտությունը:
Նա հավելել է, որ առ այսօր ամեն դեպքում ՄԱԿ-ում Ադրբեջանի բանաձևի նախագիծը չկա:
Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկած բանաձևին` Կիրո Մանոյանն ասել է, որ ՀԱԿ-ը, ներկայացնելով այդ բանաձևը որպես այլընտրանք, սահմանափակվում է իշխանությունների իրականացվելիք քայլերը:
«Իրենց իշխանություն եղած ժամանակ, նույնիսկ երբ իրենք փակել էին մեր կուսակցությունը, մեր ընկերներին բանտարկել էին, մենք իրենց հետ գործակցել ենք, հատկապես Լիսաբոնի ձախողությունից հետո, և դա եղավ իրենց կողմից դիմումի արդյունք: Իրենք առաջարկ արեցին և գործակցեցին, բայց դա մենք չքաղաքականացրինք: Բայց իրենք հիմա, որ փորձում են քաղաքականացնել նաև այդ, ընդհակառակը, կարծում եմ, իշխանությունների հնարավորությունները սահմանափակում են, նույն առաջարկը կարող էին իրենք ոչ հրապարակավ իշխանություններին հասցնել և կարող էր իշխանությունը դրական արձագանքել, բայց չգիտեմ իշխանությունները ինչ են մտածում»,- ասաց Կիրո Մանոյանը:
Ամեն դեպքում, բանախոսը, չցանկացավ ՀԱԿ-ի բանաձևի նախագծի մասին իր բուն կարծիքը հայտնել: Նա նշեց, որ «այսօր այդ բանաձևը չի հարցը, այլ բոլորի աշխատանքը պիտի լինի ՄԱԿ-ի օրակարգից հանել Ադրբեջանի ներկայացրած բանաձևը»: