ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային առաքելությունը PR-ակցիա է, որը նպատակ ունի ցույց տալ, որ թե ադրբեջանական, թե հայկական իշխանությունները զբաղված են Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ: Այս մասին Vesti.az-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն:
«Սա սիմուլյացիոն գործընթացի մի մասն է: Եթե դիտորդներն իրենց զեկույցում նշեն, որ այնտեղ ինչ-որ բան խախտված է, ինչն առանց այդ էլ բոլորին հայտնի է, ապա ի՞նչ կարող է անել ԵԱՀԿ-ն: Բարկանա Հայաստանի վրա՞: Եվ ի՞նչ, Հայաստանը այդ ամենից պետք է հիստերիայի մեջ ընկնի և ինքնասպանությո՞ւն գործի: Հայաստանը թքած ունի ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ ՄԱԿ-ի նախատինքների վրա»,- նշել է Ալիզադեն:
Նրա խոսքով` իրավիճակը չէր փոխի նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում Ադրբեջանի ներկայացրած բանաձևի քննարկումը, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը:
«Այս երկրները թույլ չեն տա, որ ՄԱԿ-ում որևէ հակահայկական պատժամիջոց գործի դրվի: Այդ իսկ պատճառով «խաղաղ բանակցություններ» կոչվող ներկայացումը դեռ մի քանի տարի կարող է շարունակվել»,- ամփոփել է Ալիզադեն: