Արևմուտքն ու Ռուսաստանը մտահոգված են Ղարաբաղում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականությամբ, այդ իսկ պատճառով նրանք փորձում են պահպանել ստատուս-քվոն: Այս մասին «Յենի Մուսավաթ» թերթում գրում է Ֆարհադ Մամեդովը:
Հեղինակի կարծիքով` հենց այդ պատճառով էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռուսաստանյան ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման համաձայնագիրը, անհանգստություն չի առաջացրել Վաշինգթոնում և Բրյուսելում:
«Նրանք կարծում են, որ հայ-ռուսական նոր ռազմական պայմանագիրը կարող է այն գործոնը դառնալ, որն Ադրբեջանին հետ կպահի պատերազմից»,- նշված է հոդվածում:
Հոդվածագրի խոսքով` ինքը տվյալներ ունի, համաձայն որոնց արևմտյան պետությունները բանակցում են ղարաբաղյան տարածքում խաղարարար ուժեր տեղակայելու մասին մինչև հիմնախնդրի կարգավորումը:
«Նման բանակցություններ ընթացել են նաև Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի միջև: Բայց մինչ հարցի կարգավորումը տարածաշրջանում խաղարարար ուժերի տեղակայումը շահավետ է Հայաստանի համար, քանի որ դրանով նա հնարավորություն է ստանում անվերջ ձգձգել խնդրի լուծումը, քանի որ վստահ է իր անվտանգության համար», – նշված է հոդվածում: