ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՄԱԿ-ի 65-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 1992 թվականից ի վեր Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը, որը, նախագահի խոսքով, ուղղված է եղել Հայաստանի զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել գրասենյակի անձնակազմին` տարբեր ոլորտներում Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում ունեցած մեծ ներդրման, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Այս 65 տարիները ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի դերակատարությունը մարդկության զարգացման գործում ուղղակի անփոխարինելի է: Ուրախ եմ, որ Հայաստանը, 1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ, որդեգրելով համամարդկային արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավորություն հաստատելու սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, ակտիվորեն ներգրավվեց ՄԱԿ-ի մարմիններում և հնարավորության սահմաններում, կարողացավ իր աշխատանքով նպաստել ընդհանուր գործին»,- ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ակտիվորեն մասնակցել կազմակերպության աշխատանքներին` իր նպաստը բերելով ընդհանուր հաջողությանը: