Home / Հայաստան / Ինչպես է լուծվում հայերի կրթության հարցը Վրաստանում

Ինչպես է լուծվում հայերի կրթության հարցը Վրաստանում

Վրաստանի հայերի գլխավոր խնդիրներից մեկը բարձրագույն կրթության հարցն է: Վրաստանում կրթական համակարգի բարեփոխումից հետո, երբ սկսել է գործել միասնական ազգային քննությունների համակարգը, վրացերենի քննությունը պարտադիր է դարձել: Իսկ դա, փաստորեն, բացառում է ոչ վրացալեզու դիմորդների` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:

Այս մասին Թբիլիսիում Epress.am-ի թղթակցին հայտնել է կոնֆլիկտաբան Մարինա Էլբակիձեն, ով աշխատում է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման Կովկասի ինստիտուտում (CIPDD):

«Վերջին տարիներին հայ և ադրբեջանցի երիտասարդների մեծ մասը լքել է Վրաստանը, շատ քչերն են վրացական բուհեր ընդունվել: Ջավախքի երիտասարդությունը, որն այստեղ չի կարող բուհ ընդունվել, Ռուսաստան կան Հայաստան է գնում` սովորելու համար, ինչից հետո, եթե անգամ վերադառնում են, միևնույնն է, չեն տիրապետում երկրի պետական լեզվին և չեն կարողանում աշխատանք գտնել: Կամ էլ ընդհանրապես չեն վերադառնում»,- ասել է Էլբակիձեն:

Նրա խոսքով` արդեն 5 տարի է` այս խնդիրը գոյություն ունի, և այն հաճախ քննարկվել է պետական մակարդակով: «Բայց այս տարի լուրջ փոփոխություններ են մտցրել կրթական օրենքում: Նրանք, ովքեր ոչ վրացական դպրոց են ավարտել, ովքեր հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն գիտեն, կարող են ընդհանուր կարողությունների ստուգման թեստ հանձնել և, նվազագույն շեմը հաղթահարելով, կարող են ցանկալի ֆակուլտետի զրո կուրսում ուսանել և մեկ տարի անվճար վրացերեն սովորելով` ընդունվել առաջին կուրս:

Էլբակիձեն նշել է նաև, որ յուրաքանչյուր համալսարան պարտավոր է դիմորդների համար նախատեսված տեղերից 5%-ը հատկացնել հայերին և ադրբեջանցիներին, իսկ 1,5%-ը` օսերին և աբխազներին:

«Այլ հարց է, որ ռուսերենն այս ցուցակում չկա, և ռուսական դպրոցն ավարտած դիմորդները զրկվում են նման արտոնությունից, թեև շատ հայեր, ադրբեջանցիներ և վրացիներ, ովքեր ռուսական դպրոց են ավարտում, հեշտությամբ հանձնում են քննությունները ռուսերենով»:

«Այս տարի Ջավախքից ավելի քան 100 հայց է ստացվել, ընդ որում` դիմորդներից 80-ը ընդունվել են զրո կուրս: Ջավախքի բնակչությունը պահանջում է նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ հայ-վրացական համալսարան բացեն Ախալքալաքում: Հայկական դպրոցներում ավելացրել են վրացերենի դասաժամերը և նվազել են հայոց լեզվի դասաժամերը, ինչը Ջավախքի բնակչությունը չի ողջունում»,-ամփոփել է կոնֆլիկտաբանը: