ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն այսօր որոշել է անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ:
Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ` նման որոշում է կայացվել` հաշվի առնելով մամուլում (www.hetq.am կայք և «Հետք» շաբաթաթերթ) հրապարակված նյութերը և Հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքները:
Հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրեց 7-օրյա ժամկետում ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև տրամադրել գործունեության հենց սկզբից` 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հոկտեմբերը տարածված գովազդային նյութերում բաժանորդներին ուղված առաջարկների վերաբերյալ գրավոր տեղեկատվություններ:
Հանձնաժողովը «Օրանժ Արմենիային» նաև պարտավորեցրեց ներկայացնել այն բաժանորդների թիվը, ովքեր մինչև պայմանագրի ժամկետի լրանալը հրաժարվել են ընկերության մատուցած ծառայություններից: