Home / Армения / Փաշինյանը կոչ է անում լրագրողներին իր հետ հանդիպել բանտում

Փաշինյանը կոչ է անում լրագրողներին իր հետ հանդիպել բանտում

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր լրագրողներին իր հետ հանդիպման գնալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես Epress.am-ին փոխանցել է քաղբանտարկյալ, «Հայակական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանը, Նիկոլ Փաշինյանը որևէ վնասվածք չի ստացել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ:

Վահե Հովսեփյանը մեզ փոխանցել է, որ ինքը մի քանի ժամ առաջ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, և վերջինս հաստատել է, որ եղել է լեզվակռիվ այլ դատապարտյալների հետ, ովքեր պահանջել է իրենից առհասարակ որևէ հոդված չտպագրել, ինչպես նաև պահանջել են նրա սենյակի պատից կախված փոքրիկ եռագույն դրոշը հանել:

«Լեզվակռիվը վերածվել է թեթև քաշքշուկի, բայց ոչ մի վնասվածք չունի Փաշինյանը: Նա նաև կոչ է արել բոլոր լրագրողներին հանդիպման գնալ իր հետ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ»,- մեզ փոխանցել է Փաշինյանի փաստաբանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը հաղորդել էր, որ երեկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակում են գործել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա:

Իսկ ավելի ուշ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Epress.am-ին ասել է, որ խցակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որը ծեծկռտուքի չի վերածվել: