Home / Армения / Երևանում խոչընդոտեցին ի պաշտպանություն դատապարտված իրանուհու ակցիայի անցկացմանը

Երևանում խոչընդոտեցին ի պաշտպանություն դատապարտված իրանուհու ակցիայի անցկացմանը

Այսօր ժամը 17:00-ի սահմանում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մասնակիցներին պաստառներ տեղադրել և ի նշան բողոքի քարեր շարել շենքի առջև:

Հիշեցնենք, որ այսօր Facebook սոցիալական ցանցում ակտիվիստների մի խումբ հայտարարություն էր տարածել, որով մարդկանց հրավիրում էր իրենց բողոքի ձայնը բարձրացնել Իրանում ամուսնու դավաճանության մեջ մեղադրվող Սաքինե Մուհամմեդ Աշտիանիի մահապատժի դեմ:

Հայտարարության մեջ նշված էր, որ իրավապաշտպանները խնդրում էին կենդանի բողոքի ակցիաներ անցկացնել Իրանի դեսպանատների դիմաց տարբեր երկրներում:

Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները պատմել են, որ իրենց թույլ չեն տալիս փակցնել պաստառները և քարեր տեղադրել դռան մոտ:

«Ինձ հրավիրեցին դեսպանատան ներս, այնտեղ ես իրենց փոխանցեցի մեր գրավոր բողոքը, այդ պահին դեսպանը եկավ, տեղեկացավ, թե ինչ է տեղի ունենում, և հանգիստ տոնով ասաց, որ տարօրինակ բան չկա, շատ կանայք են բանտերում գտնվում»,- մեզ հետ զրույցում ասել է մասնակիցներից Լուսինե Վայաչյանը: