Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կկայանա նոյեմբերի 12-ից 13-ը Թամանյան 5, բն. 2 հասցեում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը:
Հիշեցնենք, որ փառատոնը պետք է կայանար նոյեմբերի 2-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիա կենտրոնում», սակայն դա տեղի չունեցավ, քանի որ կազմակերպչին մերժեցին տարածք տրամադրել:
«Մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչության պայմաններում` Հայաստանում STOP ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ուղիղ, չմիջնորդավորված շփման տարածք է: Այն եզակի հնարավորություն է ադրբեջանական ժամանակակից կինոարտադրության լավագույն նմուշներին ծանոթանալու համար», – ասված է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Կազմակերպիչները հայտնում են, որ նոյեմբերի 12-ին, ժամը 16:00 -ին փառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կցուցադրվեն 2007-2008 թ.թ. Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմեր (մեկ վավերագրական, երեք գեղարվեստական): Ֆիլմաշարի տևողությունը՝ 1 ժամ 33 րոպե: Քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում: Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00 – ին փառատոնի մրցութային ծրագիրը կշարունակվի:
Նույն օրը, ժամը 16:00 – ին փառատոնի արտամրցութային ծրագրի շրջանակներում կցուցադրվի 2008 թ. նկարահանված լիամետրաժ գեղարվեստական կինոնկար, 1 ժամ 23 րոպե տևողությամբ: Ֆիլմերից հետո տեղի կունենա քննարկում:
Փառատոնի կամզկերպմանն աջակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, իսկ ֆիլմերի դիտման համար մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման մասին հայտարարությունից հետո Հայաստանում դժգոհության լուրջ ալիք էր բարձրացել: Սոցիալական ցանցերում քարկոծում էին ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր պատրաստվում էին այցելել փառատոնը: Կազմակերպիչների հասցեին նաև սպառնալիքներ հնչել: