Home / Армения / Տեր-Պետրոսյանը Դավիթ և Արմեն Հարությունյաններից ավելի ազնիվ է համարել իշխանության ներկայացուցչին

Տեր-Պետրոսյանը Դավիթ և Արմեն Հարությունյաններից ավելի ազնիվ է համարել իշխանության ներկայացուցչին

Ոմանց թվում է, թե Կոնգրեսի ողջ ջանքերն ուղղված են եվրոչինովնիկների շուրթերից Հայաստանի ընդդիմության զնդանված ներկայացուցիչների վերաբերյալ «քաղբանտարկյալ» բառը կորզելուն։ Հարկ եմ համարում միանգամից հակադարձել, որ սա լիակատար անհեթեթություն է։  Այսօր այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին հնչած իր ելույթում ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
 
«Կոնգրեսն իր առջև երբեք այդպիսի խնդիր չի դրել, քանի որ միջազգային հանրությունն իրականում վաղուց ի վեր մեր ընկերներին քաղբանտարկյալ է ճանաչել, թեպետ տերմինի փոխարեն «նրբանկատորեն» օգտագործելով նրա սահմանումը։ Այսպես, Եվրոմիության նախագահության երեք հայտարարություններում (4.03.2008, 12.03.2008, 10.03.2010) նրանք կոչված են «քաղաքական գործունեության առնչությամբ կալանավորվածներ» (detained in connection with their political activities), իսկ Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Թ. 1609 և 1620 բանաձեւերում՝ «արհեստական ու քաղաքական շարժառիթ պարունակող մեղադրանքների հիման վրա կալանավորվածներ» (detained on artificial and politically motivated charges)։Ավելին, ԵԽԽՎ-ի Թ. 1609 բանաձևը Հայաստանի իշխանությունների սանձազերծած հալածանքները բնութագրում է ոչ այլ կերպ, քան «ընդդիմության փաստացի ջախջախում» (a de-facto crackdown on the opposition by the authorities), իսկ Եվրոխորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը՝ «քաղաքական հաշվեհարդար» (political vendetta. Ժամանակ. 26.11.2008)։Այս ամենը Եվրոպայի Լիբերալ-Դեմոկրատական և Բարեփոխումների կուսակցության վերջերս կայացած համագումարին իրավացիորեն հիմք է տվել հատուկ բանաձևում պնդելու, որ «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հաստատված փաստ է, ինչն իր արտացոլումն է գտել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, զեկույցներում եւ հայտարարություններում» (15.10.2010)», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` քաղբանտարկյալների առկայության փաստի արձանագրումը, սակայն, խնդրի միայն մի մասն է։

«Մյուս, ավելի կարևոր մասը նրանց ազատ արձակման գործում միջազգային հանրության կողմից անհրաժեշտ ջանքերի ներդրումն է, ինչում, դժբախտաբար, վերջինս դեռեւս աններելիորեն թերանում է։ Գլխավոր պատճառն, անշուշտ, ինչպես բազմիցս նշվել է, աշխարհաքաղաքական նկատառումներն են, ավելի կոնկրետ, հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզելու ակնկալիքը։ Թեև պետք է ընդունել, որ կան նաեւ կորպորատիվ շահեր։ Ես նկատի ունեմ այն, որ Եվրոխորհրդի կամ ԵԱՀԿ-ի նման կառույցները ոչ այնքան պետությունների, որքան կառավարությունների կամ իշխանությունների ակումբ են, որովհետեւ նրանց անդամ-երկրների պատվիրակությունները, հիմնականում կազմված լինելով իշխող մեծամասնությունների ներկայացուցիչներից, կամա թե ակամա, հակված են առաջնորդվելու փոխաջակցության բնազդով ու միմյանց համար բարդություններ չստեղծելու էթիկետով։ Չպետք է անտեսել նաեւ միջազգային կազմակերպություններում բյուրոկրատական շահերի առկայության գործոնը, ասինքն՝ անդամ-երկրների իշխանությունների հետ լավ հարաբերություններ հաստատելու միջոցով ավելորդ գլխացավանքներից ազատվելու եւ իրենց տաքուկ տեղերը պահպանելու չինովնիկական կենսափիլիսոփայությունը, որի տիպական կրողներն են, մասնավորապես, Հայաստանում գործող ԵՄ-ի, ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունների ղեկավարները», – ասել է ընդդիմության առաջնորդը։

Քաղբանտարկյալների խնդրին անդրադառնալով` Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է
Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` տվյալ հարցին ունեցած վերաբերմունքի մասին։

«Առաջինի պարագան հստակ է։ Լինելով իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը և Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը` նա փայլուն կերպով լուծել է իր ներկայացրած բռնատիրական ռեժիմի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը խափանելու խնդիրը և դրանով հանգուցային դեր կատարել մեր երկրում ժողովրդավարության սահմանափակումների ու մարդու իրավունքների խախտումների խորացման, ինչպես նաև քաղբանտարկյալների հարցի լուծումը վիժեցնելու գործում։ Խնդիր չկա. մարդը հավատարմորեն կատարել է իր պարտականությունները թե՛ հարազատ կուսակցության, թե՛ կառավարական կոալիցիայի հանդեպ, ինչի համար միանգամայն արժանի է իր կուսակիցների ու պայծառափայլ կուսակցապետի անհուն երախտագիտությանը։ Ավելի մեծ ծառայություն Սերժ Սարգսյանին ոչ ոք չի մատուցել, ինչը, վստահ ենք, հավուր պատշաճի կգնահատվի վերջինիս կողմից»,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, ապա վերջինս, ՀԱԿ առաջնորդի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանության հարցում գործադիր իշխանության անզիջում ընդդիմախոսը հանդիսանալու փոխարեն, կամովին ստանձնել է վերջինիս ամենաջերմեռանդ փաստաբանի դերը՝ արդարացնելով նրա գրեթե բոլոր օրինազանցություններն ու հանցագործությունները։

«Խոսք չունենք. նա բավականին գրագետ է և քերականորեն բացարձակ ճիշտ է հասկացել իր տիտղոսի իմաստը՝ համարելով, որ եթե ինքը մարդու, այլ ոչ թե մարդկանց, իրավունքների պաշտպան է, ապա այդ միակ մարդը Սերժ Սարգսյանն է», – նշել է ընդդիմության ղեկավարը:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ Հարությունյանը միշտ էլ խուսափողական պատասխան է տվել քաղբանտարկյալներին վերաբերող հարցերի դեպքում:
«Իր վերջին ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով Եվրոխորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի Երևանում արած հայտարարությունները, Արմեն Հարությունյանն, առանց հոգեկան տվայտանքների, ասել է բառացիորեն հետևյալը.

«Յագլանդը չի կոնկրետացրել, թե՞ ովքեր են քաղբանտարկյալ եւ ի՞նչ չափանիշներով է որոշվում՝ մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։ Իհարկե, ո՞վ է դեմ, բոլորս համաձայն ենք, որ քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է կալանավորվեն։ Մնում է ապացուցել՝ տվյալ դեպքում մարդը քաղաքական հայացքների համա՞ր է կալանավորված, թե՞ ոչ»։Հարց է ծագում՝ իսկ ո՞վ պետք է այդ բանն ապացուցի։ Մեծարգո պարոն Մարդու իրավունքների պաշտպան, մինչև հիմա չե՞ս հասկացել, որ դա հենց քո անմիջական գործն է, որ հենց դրա համար ես դու հարկատուներից փող ստանում, եւ որ ինքդ պետք է դա ապացուցես։ Ինչո՞վ ես մինչ այժմ զբաղվել, ինչո՞ւ չես կատարել քո սուրբ պարտականությունը։ Ի՞նչն է քեզ խանգարում հաստատել կամ կտրականապես հերքել քաղբանտարկյալների առկայության փաստը։ Եթե ինչ-ինչ պատճառներով չես կարողանում կողմնորոշվել, դիմիր հոգեբանի օգնությանը կամ գոնե օրինակ վերցրու անզուգական Գալուստ Սահակյանից, ով այս հարցում շատ ավելի ազնիվ ու խիզախ է, քան դու, որովհետեւ չի վախենում բացեիբաց հայտարարել, որ «Սասունն ու Նիկոլը քրեական հանցագործներ են, և վերջ»», – Մատենադարանի հարթակից հայտարարել է ՀՀ առաջին նախագահը։

Լևոն Տեր-Պետրոսյանը, ավարտելով Դավիթ և Արմեն Հարությունյանների թեման ասել է, որ առիթ էր պետք գոնե մեկ անգամ «այդ պարոնների մասին ասելու ողջ ճշմարտությունը»։

«Ներողամիտ կգտնվեք, որ չդիմացա գայթակղությանը եւ օգտագործեցի այդ առիթը, թեեւ նրանք գուցե այդքան ուշադրության արժանի չէին։ Մարդիկ կամովին ընտրել են ախքության ճանապարհը, և մենք, ցավոք սրտի, ոչ մի բանով չենք կարող նրանց օգնել», – ասել է Կոնգրեսի ղեկավարը։