Ադրբեջանի Գերագույն դատարանի արտահերթ լսումների ժամանակ քննվել է լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին վերաբերող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումը:
Որոշում է ընդունվել դադարեցնել քրեական գործը: Դատարանը Ֆաթուլաևին երկու տարի և երկու ամիս ազատազրկման էր դատապարտել: Ազատզարկման ժամկետի` ավարտին մոտենալու կապակցությամբ ավելի ուշ նրան ազատ արձակելու որոշում էր կայացվել:
Amnesty International միջազգային իրավապաշտպան ընկերության կարծիքով` Ֆաթուլաևը միշտ աչքի է ընկել սկզբունքայնությամբ: Ավելի վաղ նա աշխատել է ընդդիմադիր «Մոնիտոր» ամսագրում, որը փակվել է 2005 թվականին` գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունից հետո: Այս սպանությունը մինչ օրս բացահայտված չէ:
2004 թվականին Ֆատուլաևը Բաքվի փողոցներից մեկում ծեծի էր ենթարկվել: Ենթադրվում է, որ հարձակումը կապված էր իշխանությունների դեմ քննադատական հոդվածներ տպագրելու հետ: Այնուհետև լրագրողին սպառնացել էին «Ղարաբաղյան օրագիր» անվանումով հոդվածների հավաքածուի համար, որը տպագերվել էր 2005 թվականին լրագրողի` Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո: Այս հավաքածուով Ֆաթուլաևը փորձ էր արել կոտրել որոշ կարծրատիպեր, որոնք օգտագործվում էին` հակամարտող կողմերի մոտ ատելություն ձևավորելու նպատակով: Նա նաև կոչ էր անում երկխոսել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հետ:
2006 թվականի հոկտեմբերին` հոր առևանգումից հետո, Ֆաթուլաևը դադարեցնում է իր երկու թերթերի տպագրումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010 թվականի ապրիլի 22-ին քննել է ձերբակալված Էյնուլ Ֆաթուլաևի գործը: Դատարանը, հիմնվելով Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հռչակագրի դրույթների վրա, որոնք խախտվել են Ֆաթուլաևի դեմ քրեական գործ հարուցելու պատճառով, պահանջել է անմիջապես ազատ արձակել լրագրողին:
Ադրբեջանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատ` իր դժգոհությունն արտահայտելով ընդունված որոշման կապակցությամբ:
Այնուհետ եվրոդատարանը բավարարել էր նաև Ֆատուլաևի հայցն ընդդեմ Ադրբեջանի, ըստ որի Ֆատուլաևը պետք է ազատ արձակվի, իսկ Ադրբեջանը պարտավորվում է 28 հազար եվրո փոխհատուցում վճարել:
Հիշեցնենք, որ Էյնուլա Ֆատուլաևը ձերբակալվել էր 2007 թվականի ապրիլի 20-ին` իր «Ղարաբաղյան օրագիր» հոդվածների հավաքուծով Խոջալուի բնակչությանը վիրավորելու մեղադրանքով, ինչի հետևանքով դատապարտվել էր 2 տարի և 6 ամիս ազատազրկման:
Ձերբակալումից հետո լրագրողին այլ մեղադրանքներ էլ էին առաջադրել և 2007 թվականի հոկտեմբերի 30-ին ընդհանուր առմամբ Ֆատուլաևը 8 տարի և 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել: 2009 թվականի դեկտեմբերի 30-ին բանտում Ֆատուլաևի մոտ 0,223 գրամ հերոին էին հայտնաբերել, ինչի կապակցությամբ նոր քրեական գործ էր հարուցվեր, որի ավարտին դատարանը Ֆատալաևի ազատազրկման ժամկետը 2 տարի 6 ամսով երկարացրել էր: