Երևանի և Բաքվի ռազմատենչ հայտարարությունները հաճախ որպես իրական գործիք են օգտագործվում ` երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս այս կամ այն հարցը լուծելու համար: Այս մասին «Նովայա պոլիտիկա» ինտերնետային կայքում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Քաղաքագետի խոսքով` մեկ տարի առաջ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների աճը բացատրվում էր նրանով, որ Բաքուն անհանգստացած էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հավանականությամբ:
«Երևանը նմանատիպ սխեմայով է գործում: Հենց որ Հայաստանի վրա Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ճնշումը մեծանում է, հանրապետությունում սկսվում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ քննարկումները: Այսպիսով` «խաղադրույքները բարձրանում են», գրում է փորձագետը:
Սակայն նման «ռացիոնալ ռազմականությունը» հիմքեր ունի: ««Ղարաբաղյան գաղափարը» հանդիսանում է հայերի և ադրբեջանցիների հետխորհրդային ինքնության հիմնաքարը: Հենց դա էլ երկու պետությունների լեգիտիմության և քաղաքական վերնախավի գոյության հիմքն է դարձել: Առանց Ղարաբաղի Հայաստանի և Ադրբեջանի անկախությունն ակնհայտ չէր լինի»,- նշել է Մարկեդոնովը:
Նրա կարծիքով`«Մեզ ամեն ինչ, թշնամիներին` ոչինչ» հայեցակարգը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական հարաբերությունների հիմնական ուղղություն է մնացել: Արդյունքում` փակուղի է առաջանում: Մի կողմից` իշխանությունն այս մաքսիմալիստական ձգտումները ողջունում է, մյուս կողմից էլ` այն հանրային կարծիքի պատանդն է, որը բավական հեռու է խաղաղարարությունից: Վիճարահույց տարածքի պատկանելիության հարցում ակտիվիստները հաճախ ավելի խսիտ դիրքորոշում են ցուցաբերում, քան իշխանությունները: Չէ՞ որ, ի տարբերություն իշխանությունների, նրանք ներգրավված չեն որոշումներ կայացնելու գործընթացում և պատասխանատվություն չեն կրում իրենց ասածների համար»,- գրում է քաղաքագետը:
Հակամարտող կողմերը հույսը դրել են երրորդ կողմի վրա, ինչից էլ բխում են այն թեզերը, թե տարածաշրջանում «խաղաղության բանալին» Մոսկվայի, Վաշինգթոնի կամ Բրյուսելի ձեռքում է:
«Իրենց վարքագծով Հայաստանի և Ադրբեջանի պետական վերնախավերը Խորհրդային Միության հանրապետական իշխանությունն են հիշեցնում, որոնք Քաղբյուրոյից էին «կարևոր հրահանգների» սպասում: Սրանում էլ արտահայտվում է հետխորհրդային պետությունների բավականաչափ հասուն չլինելը, որոնք պատրաստ չեն փոխզիջումների, սակայն տեսականորեն պատրաստ են փոխզիջումներ ընդունել երրորդ կողմից»,- ամփոփել է Մարկեդոնովը: