Նոյեմբերի 24-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Մոսկվա) Կնութ Հաուգեի և դեսպանության խորհրդական Գիրիդ Սելիուսի հետ: Այս մասին հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի հաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել նաև երկրում ժողովրդավարության վիճակին: Լևոն Զուրաբյանը բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատության ապահովման, ինչպես նաև «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման հարցում Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը և այդ ուղղությամբ ներդնելիք ջանքերի անհրաժեշտությունը, ինչպես նաև տարբեր միջազգային կառույցներում Նորվեգիայի դիրքորոշման կարևորությունը:
Քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: