Home / Армения / Ի տարբերություն ԱԳ նախարարների, Սարգսյանն ու Ալիևը լավ են համագործակցում. WikiLeaks

Ի տարբերություն ԱԳ նախարարների, Սարգսյանն ու Ալիևը լավ են համագործակցում. WikiLeaks

Իլհամ Ալիևը «Կնքահայր» գրքի երկու հերոսների միախառնում է հանդիսանում: Եթե արտաքին քաղաքականության մեջ նա նման է Մայքլ Կորլեոնեին, ապա ներքին քաղաքականությունում նա միանշանակ Սոննի Կորլեոնեն է: Այսպես է բնութագրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի ԱՄՆ դեսպանատան գաղտնի նամակում ուղղված ԱՄՆ Պետդեպին, որը գրվել է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին: Նամակը հրապարակվել է WikiLeaks կազմակերպության կողմից:

Նշենք, որ Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» գրքում նյույորքյան իտալական մաֆիայի պարագլուխ դոն Վիտո Կորլեոնեի (ի դեպ, նամակում Վիտոյի հետ են համեմատում Իլհամ Ալիևի հորը` Հեյդար Ալիևին) որդիները` Մայքլն ու Սոննի միանգամայն տարբեր են. Սոննի տաքարյուն է և սիրում է դիմել բացահայտ ուժային մեթոդների, իսկ Մայքլը խորամանկ է և գործում է հաշվենկատ: Նամակի հեղինակների կարծիքով` Մայքլի քաղաքականությունն է վարում Ալիևը Ադրբեջանից դուրս:

«Արտաքին քաղաքականության մեջ Ալիևը հստակ կարողանում է տարբերություն դնել «բիզնեսի և անձնականի» միջև: Որքան էլ խոսի Ադրբեջանի` Հայաստանի կողմից գրավված տարածքները ուժով ազատելու իր իրավունքի մասին, Ալիևը կառուցողական աշխատանք է վարում Մինսկի խմբի շրջանակներում` բանակցելով հիմնարար սկզբունքների շուրջ, և նա փոխըմբռնման լավ մակարդակ է ձևավորել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի տարբերություն երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ովքեր խնդրահարույց հարաբերություններ ունեն», – նշված է նակամում:

Նամակի հեղինակները նշում են, որ, չնայած «Ալիևը սարսափով է վերաբերվում այն փաստին, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել մինչև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, նա շարունակում է գազի փոխադրման և մատակարարման բանակցությունները Թուրքիայի հետ, և Բաքվում ոչ ոք չի համարձակվում մտածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով վառելիքի մատակարարման դադարեցման մասին»:

Պետդեպին ուղղված նամակի հեղինակները նշում են, որ Իլհամ Ալիևը լավ հասկանում է, որ իրեն չի կարող թույլ տալ բացահայտ հակամարտել Թուրքիայի հետ, և նա, իհարկե, չի կարող լրջորեն սրել հարաբերությունները այդ երկրի հետ, մինչ հայ-թուրքական հարցը բաց է մնում: