Օրաթերթն Աստանայում ավարտված ԵԱՀԿ գագաթաժողովի մասին զրուցել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
– Աստանան ի վերջո կայացավ, հնչեցին ելույթներ, ընդունվեց հայտարարություն, որը, ըստ որոշ կարծիքների, ամբողջովին հայանպաստ էր, և որի արդյունքում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը որոշակի առաջխաղացում կունենա: Դուք, իհարկե, համամիտ եք այս տեսակետին կամ գուցե ունեք Ձեր հատուկ կարծի՞քը:
– Հունական ասացվածքը` «Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզանը», այլևս հնացած է, և չի բացառվում, որ նույն Կոսովոյի նախադեպը կարող է կրկնվել նաև Ղարաբաղի պարագայում: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկ անգամ ևս հղում անելով Հելսինկյան եզրափակիչ ակտին` նշեց, որ խնդիրները պետք է լուծվեն հայտնի սկզբունքների ամբողջական համատեքստում: Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ զգուշացում` ուղղված Ադրբեջանին, որը «մոռանալով» ինքնորոշման և ուժի չկիրառման մասին սկզբունքները` շարունակ խոսում է մեկից` տարածքային ամբողջականությունից: Նույն այս շեշտադրումներով հանդես եկավ նաև Ֆրանսիայի վարչապետը, և սրանով կարծես ի մի բերեց այն ամենը, ինչ ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհին կարևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երեք երկրները:
-Աստանայում ստորագրվեց հնգակողմ հայտարարություն, արդյո՞ք սա ինչ-որ էական բան կփոխի ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:
– Այս հայտարարությունը, ըստ էության, իր մեջ ունի շատ կարևոր մի կետ, որն առաջին անգամն է Ղարաբաղի հարցի ողջ ընթացքի համար: Հղում է արվում ՄԱԿ-ի Կանոնադրությանը, իսկ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ շատ հստակ գրված է, որ ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է, և հայտնի է, որ սկզբունքները ծառայում են նպատակին: Սա նշանակում է, որ անուղղակի և ինչու ոչ` նաև ուղղակի ավելի գերակա է ճանաչվում ինքնորոշման իրավունքը: