Հայաստանի հեռուստալսարանն այդքան էլ գոհ չէ նրանից, թե ինչ են առաջարկում իրեն բազմաթիվ հեռուստաընկերությունները և կարելի է ասել, որ մեր հեռուստաեթերը շատ միակողմանի ճանապարհով է շարժվում ոչ միայն քաղաքական, այլ նաև զուտ բովանդակության առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ա1+»-ին սատարող Ժողովրդական հեռուստատեսության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բորիս Նավասարդյանը` խոսելով Ժողովրդական հեռուստատեսություն ձևավորելու գաղափարի մասին:
«Նույնիսկ մենք ունենք այնպիսի խնդիր, որ հասարակությունը, միգուցե, այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է ինքը սպասում հեռուստատեսությունից: Միևնույն ժամանակ, մանավանդ Հայաստանի մարզերում հեռուստատեսությունը շատերի համար մնում է ոչ թե հիմնական, այլ տեղեկատվության միակ աղբուրը», – ասել է Նավասարդյան:
Նրա խոսքերով` այստեղից էլ ծնվեց Ժողովրդական հեռուստատեսություն ստեղծելու գաղափարը, որը կարող է նաև զբաղեցնել տվյալ դեպքում «Ա1+»-ի եթերի մի մասը:
Նշելով, որ բազմաթիվ երկրներում քաղաքացիները վճարում են հանրային հեռուստատեսություն ունենալու համար` Նավասարդյանն ընդգծել է.
«Եթե, իրոք, ժողովուրդն ու հասարակությունը ցանկանում է ունենալ այն, ինչ ինքն այսօր չունի, պետք է պատրաստ լինի ինչ-որ ձևով աջակցել այդ կարգի հեռուստատեսությանը»:
Առաջին փուլում Խորհրդի համար կարևոր էր հասկանալ, թե որքանով է հասարակության մեջ ընկալելի իր ուզած հաղորդումների համար վճարելու գաղափարը:
Մոտ 20 հազար քաղաքացիներ հայտնել են իրենց դրական կարծիքը` նույնիսկ խորհրդանշական գումար փոխանցելով: Նախնական տվյալներով` ստացված
գումարը կազմում է մոտ 3.5 միլիոն դրամ: Դրամահավաքն իրականացվելու է մինչև այս տարվա վերջը, ինչից հետո, ըստ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանի, հանրությանը կներկայացվի հստակ ծրագիր:
«Կհաղթի Ա1+, թե` ոչ, դա ազդեցություն չի ունենա գործընթացի վրա, որովհետև Ա1+ այսօր էլ եթերում է ինտերնետ-հեռարձակման մեջ: Սակայն ես համարում եմ, որ ժամանակից շուտ է հրաժարվել եթերից, հաճախությունից, և մեր պայքարը շարունակվում է: Ես լուրջ հույսեր ունեմ, որ հաղթելու ենք և այս պատվերն արդեն կլինի եթերում», – ասել է Մովսիսյանը:
Խորհրդի անդամ, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով` ՀՌԱՀ-ի վրա մեծ ազդեցություն ունեցող ընդամենը մեկ մարմին կա` նախագահական պալատը. «Բաղրամյան 26-ում ինչպես գտան, այնպես էլ հանձնաժողովը կառաջնորդվի»:
Այնուամենայնիվ, Բարսեղյանը հավատում է, որ որոշում կայացնողները հաճախականությունը կտրամարդրեն այն հեռուստաալիքին, որը հնարավորություն ունի «այդ ալիքը դարձնել իսկապես ժողովրդական»: