Home / Армения / Թուրքական ֆիլմերի փառատոնն արգելեցին «միասեռականի» պատճառո՞վ

Թուրքական ֆիլմերի փառատոնն արգելեցին «միասեռականի» պատճառո՞վ

«23,5» անունը կրող թուրքական ֆիլմերի փառատոնը, որն այս տավա մարտին «ֆուտբոլային դիվանագիտության» ալիքի ներքո անցավ Երևանում,  չի հաջողվել անցկացնել Վանաձորում: Այն պետք է կայանար դեկտեմբերի 10-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի տեսասրահում, իսկ դեկտեմբերի 11-ին` քաղաքի Տիկնիկային թատրոնում: Տարածքների վարձակալության մասին պայմանագրերը կնքելուց հետո նոյեմբերի 29-ից կազմակերպչիները սկսել էին բաժանել հրավիրատոմսերը:

Դեկտեմբերի 8-ին Տիկնիկային թատրոնի տնօրեն Ս.Մելիքյանը փառատոնի Վանաձորի համակարգող Համլետ Գյուլզադյանին հայտնել է, որ թատրոնում  ցուցադրությունը չի կայանա` խորհուրդ տալով դիմել քաղաքապետարան բացատրություններ ստանալու համար:

Քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը հայտնել է, որ թեև կազմակերպիչները մարդասիրական գործունեությամբ են զբաղվում, փառատոնը Վանաձորում չի կայանալու:

Թուրքական ֆիլմերի փառատոնի տնօրեն, իրավապաշտպան Գեորգի Վանյանը Քաղաքապետարանի դիրքորոշման և վարձակալության պայմանագրերի միակողմանի խզման վերաբերյալ գրավոր բացատրություն է պահանջել:

Սարդարյանը պատասխանել է, որ Վանաձորում փառատոնը չի կայանա, որովհետև ինքն այդպես է ցանկանում: Նա առաջարկել է նամակով դիմել և սպասել պատասխանի:

Տիկնիկային թատրոնի տնօրենը նույնպես հաստատել է պայմանագրի միակողմանի խզման փաստը: Մշակույթի տան տնօրեն Արտյոմ Գուլինյանից կազմակերպիչներին հաջողվել է ստանալ վարձակալության պայմանգրի` ուժի մեջ լինելու մասին հաստատում, սակայն դեկտեմբերի 10-ին` փառատոնի մեկնարկից մեկ ժամ առաջ, նա հայտարարել է, որ չի կարողանա բացել տեսասրահի դռները:  

Միևնույն ժամանակ Մշակույթի պալատի մոտ սկսել են հանդիսատեսներ հավաքվել: Պալատի աշխատակիցներին կարգադրել են ոչ մեկին վերև` տեսասրահի մոտ չթողնել: Գեորգի Վանյանին հաջողվել է հասնել նրան, որ հանդիսատեսներին թույլ են տվել սպասել Մշակույթի պալատի սրճարանում` մինչև խնդիրը լուծվի: Միևնույն ժամանակ, քաղաքային դատախազության երկու աշխատակիցներ վերև են բարձրացել:

15:00-ին հանդիսատեսները շատացել են, նրանք չեն տեղավորվել սրճարանում և սկսել են կուտակվել նախասրահում: 20 րոպե սպասելուց հետո վարձակալության պայմանագիրը կյանքի կոչելու բոլոր փորձերը սպառվել են, և Վանյանը հայտարարել է, որ փառատոնը չի կայանա:

Ամեն դեպքում, նա ներածական խոսք է ասել, միացրել է իր շարժական համակարգիչը և միացրել ֆիլմերը: Բնականաբար, մոտ 100 հանդիսատեսներից շատերը հնարավորություն չեն ունեցել դիտել ֆիլմերը փոքր էկրանով: Նրանից շատերը հեռանալիս խնդրել են իրենց տրամադրել ֆիլմերի տեսագրությունը:

Սրճարանում են մնացել ամենահամառ 7 հանդիսատեսները` հիմնականում Թատերական ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի ուսանողները: Նրանք սպասել են, որ բոլոր հեռանան, և նոութբուքով դիտել են բոլոր տասը ֆիլմերը:

Հետագայում Վանաձորի քաղաքապետի տեղակալ Սարդարյանն ասել է, որ իրենից ոչ ոք թույլտվություն չի խնդրել, որպեսզի ինքն արգելի կամ չարգելի փառատոնը:
Նրա խոսքով` իրենից միայն կարծիք են հարցրել, և ինքը նշել է, որ նման փառատոնը տեղին չէ, դա «գրանտակերություն է»:

Սարդարյանի համոզմամբ` եթե քաղաքի հաստատությունների տնօրեններն իր կարծիքը լսել են, ապա ինքը ողջունում է նրանց որոշումը:

«Իմ կարծիքն այն է, որ Տիկնիկային թատրոնը քաղաքական ֆիլմերի ցուցադրման վայր չէ», – ասել է քաղաքապետի տեղակալը: Նա ասել է, որ անձամբ ոչ մեկին չի հրամայել թույլ չտալ ֆիլմերի ցուցադրությունը և «վերևից ոչ մի կարգադրություն» չի ստացել: Սարդարյանի խոսքով` Վանյանն իր մոտ է մտել մի տղայի հետ, ով միասեռական է, «նման մարդկանց ինքն անգամ չի բարևում»:

«Նման մարդիկ հավաքվել են, և ցանկանում են ինչ-որ բան ցույց տալ, ինչպես կարելի է դա թույլ տալ», – ասել է Սարդարյանը: