Մոսկվայի «Մանեժնայա» հրապարակում հանգստյան օրերին կատարված դեպքերը բավական հակասական են լուսաբանվել ռուսական հեռուստաալիքների կողմից, գրում է «Կոմերսանտը»:
Շաբաթ օրը ռուսաստանյան հեռուստաեթերի հիմնական թեման Մոսկվայի կենտրոնում երիտասարդների ամբոխի կողմից իրականացված անկարգություններն էին: Տարբեր հաղորդումների ժամանակ անցկացվող քննարկումների ընթացքում փորձ էր արվում շեշտադրում չանել ազգային խտրականության խնդրի վրա: Իսկ արդեն կիրակի օրվա եթերում «Մանեժնայա» հրապարակի դեպքերն առհասարակ լրատվական ծրագրերի վերջին պլան էին մղվել:
«Охотный Ряд» և «Театральная» կայարաններում կատարվող դեպքերի տեսագրությունները, որտեղ «Մանեժնայա» հրապարակից եկած երիտասարդները ծեծի են ենթարկում ոչ սլավոնական արտաքին ունեցողներին, պետական ալիքների շաբաթօրյա եթերով չէին ցուցադրվում: Այս կադրերում ոստիկաններ առհասարակ չեն երևում:
Իսկ «России 24» և «России 1» ալիքների երեկոյան եթերում խոսում էին այն մասին, որ, բացի ֆուտբոլային երկրպագուներից, ամբոխում եղել են նաև ծայրահեղական շարժումների ներկայացուցիչներ: Այն մասին, որ մարդկանց ծեծի են ենթարկել ազգային պատկանելության համար, ոչ մի խոսք անգամ չկար: Իսկ ազգայնական կարգախոսներով պաստառների մասին խոսել են НТВ հեռուստաալիքի ժամը 19:00-ի եթերի «Այսօր» ծրագրում: «Առաջին ալիքի» «Ժամանակը» լրատվական հաղորդման ընթացքում շեշտը դնում էին ծայրահեղական երիտասարդների` ոստիկանության հետ պայքարելու փաստի վրա:
Միայն РЕН ТВ ալիքի «Շաբաթը» ծրագիրը սկսվեց այն կադրերով, թե ինչպես են հազարավոր երիտասարդներ Մոսկվայի կենտրոնում անհարկի բառերով պահանջում կովկասցիներից լքել Ռուսաստանը, այնուհետև դաժանաբար ծեծի ենթարկում կովկասցիներին, իսկ 3 ոստիկաններ հազիվ են կարողանում հեռացնել գազազած ազգայնականներին, որպեսզի նրանք չսպանեն այլազգի երիտասարդներին:
«Մանեժնայայի» դեպքերի մասին մի ամբողջ ժամ խոսում էին «Անձրև» արբանյակային հեռուստաալիքի եթերում: Անկարագությունների ականատեսները և լրագրողները քննարկում էին դեպքերը հենց ֆաշիզմի և ազգայնականության տեսանկյունից:
Այսպիսով, հանգստյան օրերին ռուսական հեռուստաալիքների ծրագրերը բացառապես զվարճացնող բնույթ էին կրում: