Home / Армения / Ասանջին պաշտպանում է Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակը

Ասանջին պաշտպանում է Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակը

ՄԱԿ-ի նախկին դատավոր, բրիտանական խոշոր իրավաբանական կազմակերպության ղեկավար և հայտնի իրավապաշտպան  Ջեֆրի Ռոբերտսոնը այս անգամ բրիտանական և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել որպես WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի փաստաբան: Նա կիսատ է թողել արձակուրդը Ավստրալիայում և վերադարձել Լոնդոն`  ներկայացնելու Ասանջի շահերը երկրի բարձրագույն դատարանում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` երեկ նա մյուս երկու փաստաբանների հետ միասին կարողացավ 250 հազար ֆունտ գրավով ազատ արձակել Ասանջին, ով ձերբակալվել էր նախորդ շաբաթ` Շվեդիայում բռնաբարություն և սեռական բնույթի այլ հանցագործություններ կատարելու կասկածանքով: 

Ասանժն ու Ռոբերթսոնը Ավստալիայից են, ինչը դիտվում է որպես փաստաբանի ընտրության պատճառներից մեկը: Բրիտանական Guardian-ը զարմանալի է համարել Ասանջի իրավաբանական թիմի ընտրությունը, քանի որ երեք փաստաբաններից ոչ ոք կասկածյալների փոխանակման հարցի մասնագետ չէ:
 
Ջեֆրի Ռոբերտսոնը հեղինակն է նաև «Եղել է արդյոք հայերի ցեղասպանություն» աշխատության: Նա Հայոց ցեղասպանության հարցով զբաղվել է երկար տարիներ, և 2009 թվականին Բրիտանիայի հայ համայնքի խնդրանքով իրավաբանական կարծիք ու հետազոտություն է հրատարակել ցեղասպանության փաստի մասին:

«Ես ՄԱԿ-ի նախկին դատավոր եմ, ու ես հստակ գնահատական եմ տվել 1915 թվականի դեպքերին. երբ նայում ես եղած փաստերին ու ցեղասպանության բանաձեւին, ապա ակնհայտ է դառնում, որ դա ցեղասպանություն էր: Այդ փաստը իրավաբանորեն չի կարող հարցականի տակ դրվել», – ասել էր Ջեֆրի Ռոբերտսոնը: