Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները այս ամիս հանդիպում կանցկացնեն, հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Անդրադառնալով առաջիկա հանդիպման տրամաբանությանը` Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ երեք երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են անցկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եռակողմ` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ձեւաչափով անցկացվող յուրաքանչյուր բանակցությունից առաջ, հաղորդում է «Ազատությունը»:
«Արտգործնախարարներն այդ շփումների ժամանակ ձգտում են շոշափել երկու-երեք հարցերի լուծումները, որոնք թեև աննշան են մյուս` արդեն իսկ համաձայնեցված հարցերի համեմատությամբ, բայցև ավելի բարդ են համարվում», – ասել է Լավրովը:
«Ռուսաստանը համանախագահ մյուս երկրների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ միասին ջանքեր է գործադրում Ղարաբաղյան բանակցություններում համաձայնության ձեռք բերման համար», – նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Խոսելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ անցկացվող արդեն ավանդական դարձած հանդիպումների մասին` Սերգեյ Լավրովն ասել է, որ այդպիսի շփումներն արդեն մեկ տասնյակից ավելի են եղել, նաև` անդրադարձել է դրանց նպատակին:
«Բացի եռյակում [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունում] իր մասնակցությունն ունենալուց, Ռուսաստանը` նախևառաջ ի դեմս նախագահ Մեդվեդևի, օգտագործում է իր հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ` համանախագահների արդեն իսկ համաձայնեցրած մոտեցումների համատեքստում աշխատելով գտնել լուծումներ նաև երեք երկրների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ֆորմատում», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը իր ղեկավարած կառույցի անցած տարվա աշխատանքի ամփոփմանը նվիրված ասուլիսում:
«Կարգավորման այս էտապում ամենակարեւորը հարցին չխանգարելն է: Որովհետև, երբ ներգրավվում են այնպիսի ամբիոններ, ինչպիսին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն են, հարցը քննարկումների դաշտից հասարակական բանավեճի դաշտ է տեղափոխվում», – ընդգծել է Լավրովը: