Այսօր երեկոյան Սարյանի արձանի մոտ Հայ ազգային կոնգրեսը կազմակերպել էր մոմավառություն` ի հիշատակ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի:
Միջոցառման ընթացքում հավաքվածները ձեռքերում վառվող մոմեր էին պահում, ինչպես նաև մոմեր էին դրել Սարյանի արձանի պատվանդանին, որտեղ նաև խունկ ծխեցին:
Հիշեցնենք, որ մեծանուն մաեստրոն կյանքից հեռացել է հունվարի 6-ին, և այսօր լրանում է նրա մահվան յոթերորդ օրը:
Միջոցառմանը մասնակցում էին Կոնգրեսի ներկայացուցիչները, այստեղ էր ժամանել նաև Օհան Դուրյանի այրին` Ալիս Դուրյանը:
Մոմավառությունից հետո հավաքվածները ծափողջյուններով հարգեցին մաեստրոյի հիշատակը` իր կնոջ թույլտվությամբ, ով նշեց, որ Դուրյանի համար միշտ էլ կարելի է ծափահարել:
Ալիս Դուրյանը նաև իր մաղթանքներն է հղել Հայ Ազգային Կոնգրեսին:
«Ձեզ համբերություն, որ պայքարեք և հաղթանակի հասնեք, որպեսզի նրա հոգին էլ հանգիստ լինի», – ասել է նա:
Նշենք, որ մոմավառությունն ուղեկցվում էր մասետրոյի դիրիժորությամբ երաժշտության ներքո: