Վրաստանի և ԱՄՆ նախագահների` 25 րոպե տևած հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքի հիշատակին նվիրված արարողությունից հետո, քննարկվել են ոչ միայն Վրաստանի տնտեսական զարգացմանը վերաբերող հարցերն ու միջազգային ռազմական ուժերի գործունեությունն Աֆղանստանում, այլ նաև Թբիլիսիին զենք մատակարարելու գործընթացի վերսկսման հանգամանքները, գրում է Коммерсант-ը` հղում կատարելով ԱՄՆ-ի վարչակազմին մոտ կանգնած իրենց աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով` Սահակաշվիլին պաշտոնական Վաշինգտոնին զեկույց է ներկայացրել, որում վրացական կողմը հիմնավորել է Թբիլիսիին հակաօդային և հակատանկային միջոցներ տրամադրելու անհրաժեշտությունը:
Սահակաշվիլիի և Օբամայի հանդիպումից հետո Պենտագոնը, սակայն, հերքել է սպասվող վրաց-ամերիկյան ռազմական գործարքի մասին տեղեկությունները:
«Ցանկացած տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է զենք վաճառել Վրաստանին, կեղծիք է»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Վենդի Սնայդերը:
Պարբերականը հիշեցնում է, որ վերջին ամիսների ընթացքում վրացական իշխանությունները մի շարք փորձեր են իրականացրել վերականգնելու համար լայնածավալ ռազմատեխնիկական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, որը դադարեցվել էր 2008 թվականին` ոուս-վրացական պատերազմից հետո:
2010թ. նոյեմբերին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գահաթաժողովի ընթացքում նախագահ Սահակաշվիլին պահանջել էր Դաշինքի անդամ պետություններից Թբիլիսիին անհրաժեշտ ռազմական միջոցներ տրամադրել` Ռուսաստանի կողմից եկող հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու նպատակով` փոխարենը խոստանալով մեծացնել Իրաքում և Աֆղանստանում վրացի զինվորականների թիվը: