2009 թվականին ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակին մեկ միլիոն եվրո գրանտ է հատկացվել` մարդու իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանի մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը երեկ ի պատասխան «ՀԺ»-ի թղթակցի հարցի, թե ինչպես է ծախսվել այդ գումարը, փոխանցել է իր ղեկավարի պատասխանը.
«ՄԻՊ գրասենյակը նման չափի գրանտ ոչ 2009-ին, և ոչ էլ 2010-ին չի ստացել»:
Օրաթերթը նշում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել Եվրոպական միության հովանավորությամաբ գործող «Հասարակական գործերի ինստիտուտ» հասարակական կազմակերպության`2010-ին հրապարակած «Արևելյան օգնությունն «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը» հաշվետվությունը, որտեղ հստակ երևում է, որ 2009 թվականին Եվրոպական միությունը մեկ միլիոն եվրո է հատկացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակին, և այդ գումարը ուղղված է եղել «Մարդկանց և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը» (նկարում):
«Հայկական ժամանակը» գրում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ուղղակի ստել է` ասելով, որ իր գրասենյակը նման գումար չի ստացել:
«Եվ սա պարզապես սուտ չէ, այլ խորամանկ սուտ, որովհետև հակառակ պատասխանից կբխեր նոր հարց` կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացվել Հայաստանում «մարդկանց և քաղաքացիների իրավունքների պաշտպանության» հարցում, և որ ծրագրի վրա որքան եվրո է ծախսվել: Եվ ընդհանրապես հարց կառաջանար, թե ԵՄ հատկացրած մեկ միլիոն եվրոյի շնորհիվ քանի աստիճանով է բարձրացել ՀՀ քաղաքացիների «իրավունքների պաշտպանության» մակարդակը: Բայց քանի որ Արմեն Հարությունյանը ժխտում է այդ գումարը ստանալու փաստը, մնում է միայն արձանագրել, որ դա խիստ սազական է Հայաստանի նման երկրի Արմեն Հարությունյանի պես օմբուդսմենին: Երկիր, որտեղ արդեն երեք տարի է` կան քաղբանտարկյալներ, ոտնահարվում են մարդկանց այնպիսի տարրական իրավունքներ, ինչպիսիք են հավաքների ազատության իրավունքը, խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժի իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, էլ չենք խոսում ոստիկանության բաժիններում մարդկանց մահվան հասցնող խոշտանգումների մասին: Եվ կա օմբուդսմեն, որը արդեն հինգ տարի կոծկում է նշված խնդիրները ու դրա դիմաց, փաստորեն, միլիոններ ստանում եվրոպաներից», – գրում է օրաթերթը:
Նշենք, որ «ՀԺ»-ի հրապարակված փաստաթուղթը հասանելի է համացանցում http://www.pasos.org/www-pasosmembers-org/publications/eastern-promises-supporting-civil-society-in-the-eastern-partnership-countries հասցեով: