«Սոցապ նախարարը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի Արթուր Գրիգորյան – Epress.am) մեզ ասաց, որ վարչապետի հրամանով մինչև երեքշաբթի մեզ կտան վերջնահաշվարկը: Չգիտեմ` որքանով է ճիշտ: Կտեսնենք», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սոցապահովության վճարումների ծառայության նախկին աշխատակից տիկին Անահիտը:
Նրա փոխանցմամբ` նախարարն ասել է, որ կես ժամ խոսել է վարչապետի հետ. «ասել են, որ կվճարեն»: Ինչպես նաև նախարարն ասել է, որ կան բանկեր, որոնք պայմանագիր են ստորագրել, որ բանկերին կից բացելու են մասնաճյուղեր, որոնք` նրանց լուծարված ծառայության պես, կանխիկ վճարումներ են իրականացնելու:
«Սոցապ նախարարը խոստացել է, որ մեզ աշխատանքի են տեղավորելու այդ մասնաճյուղերում, որովհետև մենք աշխատանքի փորձ ունենք: Ես կարծում եմ, որ մինչև մարտ այդ մասնաճյուղերը կբացվեն, սակայն նախարարը մեզ ժամկետ չի ասել: Նախարարի ասելով` մենք պիտի սպասենք իրենց զանգին: Մինչև երեքշաբթի սպասենք, տեսնենք, ինչքանով է ստույգ իրենց խոստումը: «Հայփոստի» հետ մենք էլ հույսեր չենք կապում, որովհետև «Հայփոստն» էն չի, ինչ իրենից ներկայացնում է: Եթե չբավարարվի մեր բողոքը, մենք կշարունակենք պայքարել»:
Մեր զրուցակիցը նաև նշել է, որ նրանք մեկ այլ բողոք ևս ունեն` վերջնահաշվարկը վճարելու ուշացման համար տուգանք է սահմանված աշխատավարձի 0,15%-ով: Նախարարը խոստացել է, որ վերջնահաշվարկի հետ միասին այդ տոկոսն էլ է վճարվելու:
«Բայց դե ինչքանով է ճիշտ, չգիտենք», – եզրափակել է Անահիտը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց նախկինում Սոցապահովության վճարումների ծառայության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել:
Ծառայությունը լուծարվել էր նոյեմբերի 4-ին, իսկ, բողոքողների խոսքերով, իրենք այդ մասին տեղեկացել են միայն դեկտեմբերի 26-ին: Ծառայության 270 աշխատակիցներ մնացել են առանց աշխատանք: Նրանց խոստացել էին աշխատանքի տեղավորել «Հայփոստում», սակայն այդ խոստումը չէր իրականացվել: Մարդիկ Կառավարության շենքի դիմաց պահանջում էին բավարարել իրենց պահանջները` աշխատանքով ապահովել և տալ իրենց վերջնահաշվարկը: