Home / Հայաստան / «Գնալու ենք մինչև վերջ». Կառավարության մոտ ակցիաների ալիքը շարունակվում է

«Գնալու ենք մինչև վերջ». Կառավարության մոտ ակցիաների ալիքը շարունակվում է

Կառավարության շենքի առջև այսօր տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան: Հավաքվածները բողոքում են թիվ N18 հատուկ դպրոցը «Փոքր Մհեր» կրթահամալիրին միացնելու դեմ:

«Այդ միացումից հետո մոտ 20 տարվա փորձ ունեցող մանկավարժներն ու աշակերտները դուրս են մնում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է N18 դպրոցի արհմիության նախագահ Դավիթ Ասատրյանը:

Ըստ նրա` կրթահամալիրի կանոնադրությամբ` այնտեղ կարող են սովորել 100% առողջ երեխաներ, «իսկ մեզ մոտ շատ անառողջ երեխաներ կան»:

«Մենք այս երեխաների հետ այսքան աշխատել ենք, փողոցից բռնած երեխաներին բերել կրթել և դաստիարակել ենք, ու հենց էնպես հրաժարվե՞նք, փողոց շպրտե՞նք», – ասել է մանկավարժ Քնարիկ Դամաքյանը: Նա ցավով է փաստել, որ այսքանից հետո իր աշակերտները կարող են մուրացկաններ դառնալ:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները համապատասխան դիմում են ներկայացրել Կառավարություն և, նրանց խոսքերով, գնալու են մինչև վերջ` իրենց նպատակին հասնելու համար: