Փետրվարի 5-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը մասնակցեց Ժնև քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման հուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբի հանդիպմանը: Աշխատանքային խումբը կազմված է Ժնևի քաղաքապետարանի երեք ծառայությունների` մշակութային, քաղաքաշինության ու կառուցապատման և ճարտարապետական վարչությունների, Ժնևի ժամանակակից արվեստի հիմնադրամի, Շվեյցարիայի հայկական համայնքի և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներից:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց հուշակոթողի նախագծի ընտրության համար հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հեղինակի` Մելիք Օհանյանի նախագիծը:
Դեսպան Ազնավուրը բարձր գնահատեց Ժնևի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հայկական համայնքի նկատմամբ, որի լավագույն արտահայտությունն է նաև հուշակոթողի տեղադրման նախաձեռնության հարցում ցուցաբերած պատրաստակամությունը և միջազգային մրցույթի անցկացման համար իրականացված աշխատանքներն ու հատկացված միջոցները:
Հուշակոթողի պաշտոնական բացումը նախատեսվում է 2013 թվականի ապրիլի 24-ին` Ժնևի կենտրոնական հանրային պուրակներից մեկում: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: