ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցն այսօր ասուլիսի ընթացքում մեկնաբանել է ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը: Նա մեջբերել է Քոչարյանի խոսքերն այն մասին, որ իր` նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, նա կարող էր նոր կուսակցություն ստեղծել. «Իսկ ինչ, որևէ մեկը չգիտի, որ այդպես է Հայաստանում», – նկատել է Ռուստամյանը:
Ըստ նրա` դա նորմալ չէ, և իրական կուսակցությունների գոյությունը չպիտի պայմանավորված լինի նրանց` իշխանության մեջ լինել-չլինելու հանգամանքով, «իրական կուսակցությունը փաստում է իր գոյությունը, երբ որ էդ տեղերը փոխելով, պահպանում է ինքն իրեն»:
«Ես գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանն, իսկապես, որևէ կուսակցության անդամ չէր, և դա տալիս էր հնարավորություն ինչ-որ մրցավարի, արբիտրի դեր ունենալ: Ես էդպես տեսնում եմ ընդհանրապես նախագահին», – նկատել է դաշնակցական գործիչը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր հացրազրույցում նշել էր, որ իր` որևէ կուսակցությունում ներգրավված չլինելը որոշակի առավելություն էր տալիս,քանի որ «թույլ էր տալիս նախագահին վեր կանգնել կուսակցական մրցակցությունից և հանդես գալ յուրաքանչյուր երկրին բնորոշ միջկուսակցական տարաձայնություններում որպես մրցավար»:
«Քաղաքական մրցակցության դաշտում հնարավոր չէ միաժամանակ խաղացող և մրցավար լինել», -ասել էր ՀՀ երկրորդ նախագահը:
Արմեն Ռուստամյանը նաև մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ ընտրություններին ընդառաջ կարող է ձևավոևվել քոչարյանամետ նոր ուժ: Պատասխանելով այդ ուժին Դաշնակցության անդամակցության մասին հարցին` ՀՅԴ-ականը նշել է. «Մենք հիմա նախաձեռնություն ենք իրականացնելու, որպեսզի պարզ դառնա մեկընդմիշտ, որ Դաշնակցությունը միշտ ունեցել է իր ուղեգիծը, իր ինքնուրույնությունը»:
Ռուստամյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը հենց այնպես չի եղել. «Պաշտպանել ենք` հստակ խնդիրներ դնելով, և այդ խնդիրների զգալի մասը մտել է նաև հենց հուշագրի մեջ: Կոալիցիոն հուշագրերը բավական բան փոխեցին, առնվազն, հստակեցվեց` ինչի շուրջ են այս կուսակցությունները հավաքվել, և այդ հուշագրերի մի զգալի մասը նաև մեր պայմանավորվածությունների արդյունքում են հաստատվել»: