«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալված է: Այս մասին News.am-ին հայտնել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը: Նրա խոսքով` Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում` նրան սպասվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկում 1-3 տարով:
Հիշեցնենք, որ ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը մեղադրում էին սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու և նրանց պղծելու մեջ:
Ավելի վաղ Սերոբ Տեր-Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր մամուլի հրապարակումները` ասելով, թե այս կերպ փորձում են արատավորել իր ու իր կնոջ բարի համբավը: ԱՄՆ քաղաքացին առանց անուններ նշելու ասում է, թե Ախթալայում իրեն նախանձողներ կան, որ շարունակ վատություն են ուզում իրենց անել, բայց ինքը, այս ամենին հակառակ, միշտ էլ օգնել է ախթալացիներին, ու կշարունակի օգնել:
«Չկա ընտանիք, մարդ, որին օգնած չլինեմ», – ասաց Տեր-Պողոսյանը:
Ինչպես նշել էր «Ազատությունը», Ախթալայի կոմբինատի սեփականատերը ևս լայն կապեր ունի կառավարությունում, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը` հանդիսանում էր վարչապետի խորհրդականը:
Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանը հայտարարել էր, թե Սերոբ Տեր-Պողոսյանը ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից նրա պայմանագրի ժամկետի ավարտման, ոչ թե նրա անվան շուրջ տարածված լուրերի պատճառով:
Վարչապետ Սարգսյանն, իր հերթին, իր բլոգում անդրադարձել էր արդեն նախկին խորհրդականի անվան շուրջ տարածվող լուրերին` գրելով. «Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. Հետևելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ»: