Այսօր «Հրապարակ» օրաթերթում բաց նամակ է տպագրվել, որն Արփի Սիրադեղյանն ուղղել է իր հորը` ՀՀ ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանին:
Նամակը սկսվում է 16-17 դարերի անգլիացի պոետ Ջոն Դոննի խոսքերով` «Ոչ մի մարդ մեկուսացած ինքն իր համար ապրող կղզի չէ: Յուրաքանչյուր մարդ մի կտորն է մայրցամաքի, մի մասն ամբողջ ցամաքի…», ապա շարունակում Վանո Սիրադեղյանի «Ծանր լույս»-ից հատվածով` «Լույսի նման քո դուստրիկը իրիկվանից քաշվել էր իր մեջ, մորից, բոլորից մնում է հեռու, որպեսզի մայրը, առավել ևս ուրիշ մեկն իր նեղսրտությունը հոր աղջկան մասնակից չանի: Իր տխրությունը իրեն հերիք է, նա հիմա փոքրիկ գազան է կտրել: Նրա սերը հոգսից ազատ է և իր հայրիկին կպաշտպանի»:
«Իմ սիրելի հայր, հոգատար իմ սերը տարիների ընթացքում ավելի ու ավելի է ուժեղանում: Դու իմ կյանքի ամենալուսավոր, ամենաուժեղ ու ամենասիրառատ մարդն ես եղել…Իսկ հիմա…
Տասը տարիների քո բացակայությունը մեր մեջ մի մեծ անդունդ է գոյացրել, որը ոչ մի կերպ մենք երկուսով չենք կարողանում հաղթահարել: Այն լի է զրկանքներով, տառապանքով, կարոտով: Մեր վրայից մի ջերմ հայացք է կտրվել, մի ամուր ձեռք է պակասել: Մինչդեռ ես հուսացել եմ…», – գրում է Արփի Սիրադեղյանը:
Նա նշում է, որ «ցորենի հասկի պես մենք ճոճվում ենք քամու ամեն մի հպումից, չգտնելով մեր տեղն այս կյանքում»:
«Միշտ քո սիրո հետևից ընկած` ձգտել ենք դեպի քեզ…դեպի լույսը: Հիմա քեզ համար նախատեսված, բայց մեզ վրա տեղացող հարվածներից ջարդվում ու աշխատում ենք ոտքի կանգնել, որն այդպես էլ մեզ չի հաջողվում: Քո հայրենիքի անտարբեր աչքի առաջ, որի համար դու այդքան տանջվել ու տառապել ես, քո զավակները կորցնում են իրենց: Ոզում ենք կանգնել քեզ նման. «Իրանը ձիգ, գլուխը բարձր, ձեռքերը ծոցը, որ մաքուր մնան»: Իսկ մեր իրականության մեջ` անհուսությունը թաքցնելու համար: Բայց առայժմ մենք քո մերժված զավակներն ենք: «Որդիդ, սակայն, հասկացողի կպչուն միտք ունի և հոր կարոտը համատեղում է որսորդական իր կրքի հետ, գդալը ձեռքին բախտավորվող-հուսահատվող մորը պապի տան շուրջբոլորը քարշ է տալիս, մինչև որ բլոճ կամ որդ չգտնեն` գդալը բերանը չի առնի: Եվ մեծ քույրիկը հարկադրված` եղբոր համար քար է շուռ տալիս, անձրևաորդ ու միջատ է պեղում»:
Ես ինչ իմանայի, որ տարիներ հետո ոչ թե քար պիտի շուռ տայի, այլ մարդկանց քար դեմքերի հետևում մարդասիրություն պիտի աղերսեի` եղբորս կործանումից փրկելու համար: Նա մի մաքուր հոգի է, որ այս աշխարհ է եկել երազանքներով լեցուն, մինչդեռ տառապանքի զոհ է դառնում: Նա իր վրա է կրում հոր նկատմամբ եղած ատելությունը, բիծը: Իսկ ինձ համար նա մի փոքրիկ, անհնազանդ եղբայր է, ով չի կարողանում հաշտվել քո` իրենից հեռանալու, քո սիրուց զրկվելու մտքի հետ: Թվում էր, թե քո զավակների կյանքը այլ հունով պետք է ընթանար, քանզի նրանց մանկությունը զրկանքներով լի էր: Միայն մի հուսադրող կետ կար տարիների հեռվում. դա այն էր, որ մեր ծնողները մեր կողքին էին: Դու երազում էիր մեծ տուն ունենալ, որտեղ կտեղավորվեին քո բոլոր երեխաները: Բայց այդ` իրականություն դարձած տան մեջ նույնիսկ դու չես ապրում: Մարդիկ սառցային լռությամբ նայում են մարդկային ողբերգությանը: Սակայն հոգուս մի անկյունում տեղ եմ թողնում այն լույսի համար, որը, հույս ունեմ` քեզանից պետք է ստանամ: Կարծում եմ, ձեռք կմեկնես մեզ` վայրագ հարվածներից պաշտպանելու համար: Ես գիտեմ, որ դու ուժեղ ես»,- ասված է Արփի Սիրադեղյանի բաց նամակում: