Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի եզրակացությունները, որոնք չեն բացառում Ղարաբաղում ռազմական գործողությունների ինքնաբուխ վերսկումը, չեն համապատասխանում փաստերով հագեցած իրականությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Կովկասի Ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Վերջին տարիներին բախումներ են տեղի ունեցել և չի բացառվում, որ որոշ բախումներ ու փոխհրաձգություններ իրականացվել են առանց դիտավորության: Դրանք չեն բերել ավելի լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի: Այդուհանդերձ, եզրակացություններ են արվում, որ հնարավոր է պատերազմի պատահական բռնկումը», – հավելել է քաղաքագետը` ընդգծելով, որ այդ եզրակացությունը ոչ մի կերպ չի հիմնավորվում զեկույցում:
Նրա խոսքով` նախորդ զեկույցները հաշվի առնելով, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում` «այս նոր զեկույցում չի խոսվում այն մասին, որ պետք է ազատագրվեն տարածքները: Բոլոր նախորդ զեկույցներում նշվում էր այդ հանգամանքը»: Ապագայում կողմերի նման պահվածքն իրական չի թվում զեկույցի հեղինակներին, նշում է Իսկանդրայանը:
Խմբի վերջին զեկույցում ասվում է, որ պատերազմը կարող է շատ պատահաբար բռնկվել, հիշեցնում է քաղաքագետը:
«Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ զեկույցի նպատակն է եղել հնարավոր պատերազմի թեզի հիմնավորումը», – ասել է Իսկանդարյանը:
Սակայն, այնուամենայնիվ, նման զեկույցները քաղաքագետն օգտակար և է համարում: Ըստ նրա` կարևոր է, որպեսզի արտաքին աշխարհում ղարաբաղյան հակամարտությանը որոշակի ուշադրություն դարձվի, քանի որ վերջին ժամանակներս այդ ուշադրությունը նվազում է: «Բայց որպեսզի նմանատիպ զեկույցները ընկալվեն որպես վերլուծական փաստաթուղթ, և ոչ թե սարսափելի պատմություն, նրանք պետք է վերլուծական ձևաչափ ունենան` քաղաքական կամ քարոզչական նպատակներից հեռու»:
Հարցին` թե արդյոք սա չի նշանակում, որ առիթ կա կասկածելու Միջազգային Ճգնաժամային խմբի անաչառությանը` քաղաքագետը պատասխանել է, որ չի պատրաստվում ասել, թե զեկույցն ում շահերն է արտացոլում և արդյոք արտացոլում է որևէ այլ բան առհասարակ. «Ես չեմ կարող դա ասել առանց ապացույցների»:
Սակայն Իսկանդարյանը չի կարծում, որ ԱՄՆ-ն նպատակ ունի հայկական և ադրբեջանական հանրությանը նախապատրաստել պատերազմի: «Շատ հաճախ պատերազմի հավանականության մասին խոսակցությունները բավական հասկանալի և մեծ չակերտներով «վեհանձն» նպատակներ ունեն, որոնք են `եկեք վախացնենք հայերին և ադրբեջանցիներին, նրանք կվախենան և հակամարտության կարգավորման հանգեցնող որոշ քայլեր կձեռնարկեն»:
Սակայն այս մոտեցումն, ըստ քաղաքագետի, չափազանց միամիտ է, քանի որ «վախեցնել հնարավոր է այն դեպքում, երբ այդ մասին ասում ես 1 տարի, 2 տարի, 5 տարի: Բայց երբ այդ մասին խոսում ես 20 տարի շարունակ, այն դադարում է վախեցնել, և համապատասխանաբար, դադարում է գործել»: