Home / Հայաստան / Չինական ընկերությունը շուրջ կես միլիարդ դոլար կներդնի Հայաստանում

Չինական ընկերությունը շուրջ կես միլիարդ դոլար կներդնի Հայաստանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆորչյուն Օյլ» չինական ընկերության պատվիրակությանը ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանգ Չուն, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:

Վարչապետը նշել է, որ գործադիրը կարևորում է հանքահումքային ոլորտում կատարվող ներդրումներն ու բարձր է գնահատում այն մեծածավալ ներդրումային ծրագիրը, որով հանդես է գալիս «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք ներդրումները, որոնք կիրականացվեն երկու փուլով, և որոնց ընդհանուր արժեքը համարժեք կլինի շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչի արդյունքում մեր երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կիրականացվի մարդկային ռեսուրսների ու համայնքների ուժեղացում՝ բնապահպանական լավագույն չափանիշների պահպանմամբ:

«Ֆորչյուն Օյլ» ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Հոնգ Կոնգում, ընկերությունը զբաղվում է նավթի և գազի ոլորտում ներդրումներով և ենթակառուցվածքների բարելավմամբ: