Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստի ժամանակ քննարկվել է ստեղծված քաղաքական իրավիճակը և ամփոփվել է փետրվարի 18-ին անցկացված հանրահավաքի արդյունքները: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Լևոն Զուրաբյանը:
«Արձանագրվեց, որ հանրահավաքը բավական լուրջ արձագանք է ունեցել և ժողովրդի, հասարակության տրամադրություններում նոր մակարդակ է ձևավորվել: Քննարկվեց, թե մարտի մեկի հանրահավաքը ինչպես պետք է կազմակեպվի, անցնի և նաև առաջարկներ եղան մեր հետագա դիրքորոշումների ռազմավարության, անելիքների և քայլերի վերաբերյալ»,- ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով` Կոնգրեսի ամեն մի հանրահավաքն ինչ-որ իմաստով մի նոր փուլի մեկնարկ է, և հանրահավաքների այս նոր շարքը առանձնանում է մյուսներից:
«Որովհետև ավելի մեծ արձագանք են գտնում ժողովրդի, հասարակության մեջ մի շարք պատճառներով: Ե’վ ստեղծված սոցիալական այս ծանր վիճակի, և’ միջազգային այս իրադարձությունների ֆոնի վրա, երբ բոլորն էլ տեսնում են, որ շղթայական մի ռեակցիայով ժողովուրդները ոտքի են կանգնում և ազատվում են բռնապետներից, և’ այս բոլոր ֆակտորներն իրենց դերը կատարում են: Բայց նաև մեր իրավիճակն ունի իր սպեցիֆիկան, դա էլ է քննարկվել. մենք պետք է հասկանանք, որ մեր գործողությունները պետք է կառուցենք ստեղծված բոլոր քաղաքական գործոնների զուգորդման հիման վրա»,- նշել է ՀԱԿ համակարգողը:
Նա նշել է նաև, որ Կոնգրեսի առաջնորդները մինչև մարտի մեկի հանարավաքն անցկացնում են մարզային հանդիպումներ:
«Մարզային այցելությունները հիմա շատ ինտենսիվ են և արդեն չեն սահմանափակվում միայն մարզերի կենտրոններով, այլ գյուղ առ գյուղ մեր լիդերները մտնում են, շփվում են մարդկանց հետ, այնպես որ այդ գործընթացը շարունակվում է»,- տեղեկացրել է Լևոն Զուրաբյանը: