Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը և նրա որդու «Բենտլին» «Արմենիա Մարիոթի» մոտ

ՀՀԿ-ական պատգամավորը և նրա որդու «Բենտլին» «Արմենիա Մարիոթի» մոտ

Երեկ կեսօրին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր ծառայողական` «Տոյոտա» մակնիշի 021 00 01 համարանիշի ավտոմեքենայով ժամանել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց: Նրան ուղեկցում էր «Բենթլի» մակնիշի 993 LL 11 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր պատգամավորի որդին, տեղեկացնում է «Առավոտ» օրաթերթը` այսօրվա համարի առաջին էջին ներկայացնելով երկու ավտոմեքենաների լուսանկարները:

Նշված երկու ավտոմեքենաների դիմապակուց բացակայում էին և տեխզննման, և ԱՊՊԱ կտրոնները: «Բենթլիի» արժեքը, օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում 9-11 միլիոն ռուբլի է: «Բենթլիի» վրայի համարանիշը, ի դեպ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գրանցված «Նագին» ՍՊԸ-ին պատկանող «ՎԱԶ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայինն է, որը, սակայն,, հայտնվել է Վարդան Այվազյանի որդու կողմից օգտագործվող ավտոմեքենայի վրա: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական պատգամավորը «Արմենիա-Մարիոթ» էր ժամանել չինացի գործարարների հետ հանդիպելու նպատակով:

Հիշեցնենք, որ վերջերս Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթերից մեկում դեսպան Էնտոնի Գոդֆրին նկարագրել է այն դժվարությունները, որոնց  բախվել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC)-ը Հայաստանում: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթի, այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը տեղեկացրել է GGC-ի իրավաբան Աշոտ Պողոսյանին, որ անհրաժեշտ է 3 միլիոն դոլարի չափով կաշառք տալ իր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին: GGC-ն հրաժարվել է վճարել գումարը, և շուտով նախարարությունը հետ է կանչել ընկերության Հայաստանում երկու հանքերի շահագործման արտոնագրերը: