Միակ առաջնորդը ժողովուրդն է և ժողովուրդը պիտի կանգնի ու պահանջի արժանապատվություն: Այսօր Մատենադարանի հարթակի մոտ կայացած հանրահավաքի ժամանակ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իր ելույթում խոսել է այն խնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանում:
«Յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր նախագահ, յուրաքանչյուր նախարար իր շահերը ավելի վեր է դասում, քան` ժողովրդինը: Այստեղ է թաղված շան գլուխը: Մենք թույլ չենք տա, որ մեզ հետ վարվեն անարժանապատիվ, մենք թույլ չենք տա անարդարություն: Եթե պետությունն է դառնում քցող, պառակտող, մասնատող, ուրեմն մենք չենք կարող ունենալ ապագա», – հայտարարել է Տիգրան Կարապետյանը:
Հանրահավաքի ընթացքում Տիգրան Կարապետյանն առաջարկել է իշխանություններին կարմիր քարտ ցույց տալ և ուղղակիորեն իրագործել է իր մտադրությունը` գրպանից հանելով և վեր բարձրացնելով կարմիր քարտը: Նույնը արել են Մատենադարանի հարթակում հավաքված Կարապետյանի համակիրները: Ի դեպ,նշենք, որ հանրահավաքից առաջ ժողովրդին բաժանված կարմիր քարտերի հետևում տպված էր «Հայր մեր» աղթոքի տեքստը:
«Այս քարտերը, որ ես ուրախությամբ տեսնում եմ, թող իրենք էլ տեսնեն, իմանալով, որ իրենց վարած քաղաքականությանը չենք վստահում», – հայտարարել է Կարապետյանը:
Նա նշել է, որ այսօր կարմիր քարտ ցույց տալու օրն էր, իսկ հաջորդ անգամ` մարտի 21-ի հանրահավաքին, ինքը ոչ թե պահաջելու է արտահերթ ընտրություններ, այլ պահանջելու է, «որ նրանք հեռանան»:
Տիգրան Կարապետյանը վաղը` ժամը 16:30-ին, ժողովրդին հրավիրել է Մյասնիկյանի արձանի մոտ մոմավառության` ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների: