Դանակով և դաշույնով զինված անհայտ անձը հարձակում է իրականացրել Մադրիդի «Ռեալի» մարզիչ Ժոզե Մուրինյուի վրա իսպանական Լա Կորունյա քաղաքի օդանավակայանում: Մարզիչը չի տուժել, սակայն վիրավորվել է նրա անձնական թիկնապահը, ով ակումբի անվտանգության ծառայության աշխատակից է:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, սակայն մամուլն այդ մասին իմացել է միայն մեկ շաբաթ անց: 48-ամյա պորտուգալացի մարզիչը կանգնել է օդանավակայանի սրահում ինքնագրեր բաժանելու համար: Երկրպագուները շրջապատել են նրան, նրանց հետևել է անվտանգության ծառայության աշխատակիցը, ով հանկարծ ցավ է զգացել թևատակի հատվածում: Նա մտածել է, որ իրեն հարվածել կամ հրել է երկրպագուներից մեկը, ում նա թույլ չի տվել մոտենալ «Ռեալի» մարզչին:
Թիկնապահն ուշադրություն չի դարձրել պատահարի վրա, քանի որ զբաղված է եղել մարզչի անվտանգությունը հսկելով: Նրան հարված հասցրած մարդը հասցրել է փախչել դեպքի վայրից:
Միայն ակումբային ավտոբուսում թիկնապահը նկատել է, որ ձեռքից արյուն է գալիս, և հասկացել է, որ իրեն հարվածել են դանակով կամ ինչ-որ այլ սուր գործիքով:
Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, վերքի խորությունը կազմել է 4 սանտիմետր: «Ռեալի» անվտանգության ծառայության աշխատակիցների կարծիքով` հարձակման թիրախ կարող էր Ժոզե Մուրինյուն լինել: Այդ կապակցությամբ «Ռեալի» ֆուտբոլիստների և մարզիչների թիկնազորն ուժեղացվել է: