Ի՞նչ հարաբերություններ ունեք նախագահի արարողակարգի ղեկավարի հետ, այս հարցով «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին է դիմել ռադիոկայանի թղթակից Տատյանա Ֆելենգաուերը:
Կարապետյան- Իսկ դա ի՞նչ կապ ունի (ծիծաղում է):
Լրագրող- Դե, Երևանի քաղաքապետի համար դա հաճախ կարող է ճակատագրական լինել:
Կարապետյան – Ճիշտն ասած, երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ: Դե շատ նորմալ աշխատանքային հարաբերություններ են: Իսկ այն, որ նախագահի արարողակարգի ղեկավարի հետ հարաբերություններն ինչ-որ կերպ ազդում են Երևանի քաղաքապետի վրա, վստահ չեմ:
Լրագրող – Դե, եթե հիշենք ձեզ նախորդող քաղաքապետին, ապա կարող ենք եզրակացնել, որ ազդում են (բոլորը ծիծաղում են):
Կարապետյան – Անկեղծ ասած, ես անգամ չհասկացա` որն է ձեր հարցի ենթատեքստը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում կայացած Պլասիդո Դոմինգոյի համերգի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ստիպված էր եղել հրաժարական տալ: Համերգից առաջ նախագահի արարողակարգի աշխատակից Արամ Կանդայանը քաղաքապետի տիկնոջը խնդրել էր փոխել զբաղեցրած աթոռը, քանի որ արարողակարգի համաձայն, այնտեղ կարող է նստել միայն կաթողիկոսն ու ԱԺ խոսնակը: Քաղաքապետի կինը բողոքել էր ամուսնուն և վերջինս ծեծի էր ենթարկել Կանդայանին: