Երկուշաբթի` մարտի 28-ին, Յեմենի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Ջաար քաղաքի զենքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 70-ի:
Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհվածների և 90 վիրավորների մասին:
ԶԼՄ-ների փոխանցմամբ` մարտի 26-ին Ջաար քաղաքի զենքի գործարանը բռնագրավվել էր իսլամիստ գրոհայինների կողմից: Նշվում էր, որ հարձակման ընթացքում զինված գրոհայինները թալանել են զենքի գործարանը: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ենթադրյալ գրոհայինները դուրս են բերել զենքը և հեռացել:
Իշխանությունների հաղորդմամբ, պայթյունի ժամանակ գործարանում են գտնվել Ջաարի բնակիչները, ովքեր փորձել են գտնել գործարանում մնացած զինամթերքը:
Պայթյունի պատճառները դեռևս հստակեցված չեն: Միջադեպի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում: