ՀԱԿ անդամ, «Առցանց ազատականների ալյանս» պմբի նախաձեռնող Կարապետ Ռուբինյանը «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում խոսել է ՀԱԿ-Ժառանգություն հարաբերությունների մասին:
– Տեսակետ կա, որ «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը անկեղծ չեն իրենց բողոքի մեջ, կասկած կա, թե դա քաղաքական ինչ-որ խաղ է:
– Ես կարծում եմ, որ այդպես չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կուսակիցներն անկեղծորեն ձգտում են նույն բանին,ինչին ձգտում են ժողովրդի 90 տոկոսը: Ձգտում են արագ, դրական փոփոխությունների, որպեսզի երկիրը փրկենք կործանումից:
– Նման կարծիք կա նաև Լևոն Տեր–Պետրոսյանի ու նրա գլխավորած շարժման դեպքում:
– Այդ տեսակետի հետ էլ համաձայն չեմ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը շատ բնական ցանկություն կարող է ունենալ, որ առանց ընդհարումների երկրում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները ստիպված լինեն հրաժարական տալ, լինեն արտահերթ ընտրություններ: Որքանով է նա իրատես, ես կարող եմ կասկածներ հայտնել, որովհետև, այնուամենայնիվ, չեմ պատկերացնում, թե նման զարգացումներն ինչպես կարող են բերել, ենթադրենք 200-300 հազար ժողովրդի բողոքի ակցիայի: Միևնույն ժամանակ` չեմ պատկերացնում, թե ինչ երաշխիքներ կան, որ դա տեղի կունենա անարյուն: Ես կարծում եմ, որ դա երաշխավորված չէ, որ պետք է այլ միջոցների փնտրտուք ևս տեղի ունենա:
– Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ու «ժառանգությունը» և Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսը նույն բանն են ուզում, այդ դեպքում նրանց համագործակցությունն ինչո՞ւ չի ստացվում:
-Դա ամենացավալի իրողությունն է, որ անընդհատ խորանում է: Դուք էլ փոխանակ դրա վրա շեշտադրում չանեիք, կողմերը մի քիչ հանդարտվեին և ընդհանուր համագործակցության եզրեր գտնեին` փորձում եք մխրճվել այդ հարաբերությունների մեջ: Իհարկե, սխալ է տեղի ունեցել, որ նման խոսակցությունների առիթ տրվեց: Շատ ավելի փայլուն իրավիճակ կստեղծվեր, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ողջուներ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլը, միգուցե կոչ աներ, որ գա ու կանգնի Կոնգրեսի կողքին, շատ ավելի իրատեսական ու հուժկու պայքար կսկսեին միասին, դրան անմիջապես կհաջորդեր ժողովրդի բուռն ոգևորությունը, և կարծում եմ, որ դա միայն կնպաստեր ընդհանուր պայքարին: Եվ այս ցավալի նահանջը չէր լինի, որովհետև հիմա ես կարծում եմ, որ Կոնգրեսի ղեկավարությունը պետք է ջանքեր թափի ժողովրդի մի մասի մոտ այդ հիասթափական նոտաները մոռացնել տալու համար: