Home / Հայաստան / Վերաքննիչ դատարանը մերժեց Սամսոն Խաչատրյանի կալանքը փոխելու մասին դիմումը

Վերաքննիչ դատարանը մերժեց Սամսոն Խաչատրյանի կալանքը փոխելու մասին դիմումը

Մի քանի րոպե առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է ՀԱԿ անդամ, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու հայցադիմումը: Դատն անցել է դռնփակ: Դատական նիստը մեկնարկել է 10:45-ին, սակայն Սամսոն Խաչատրյանին դատարան են բերել 30 րոպե անց:

Խաչատրյանի փաստաբանները միջնորդել են փոխել առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի խափանման միջոց էր ընտրվել նախնական երկամսյա կալանքը, սակայն նրանց միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է:

Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը մարտի 15-ին: Նա ձերբակալվել էր մարտի 13-ին, Խաչատրյանին մեղադրում են 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ կապված ընդդիմության մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:

Համաձայն ոստիկանության հաղորդագրության` մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում «չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:

Դեռևս մարտի 15-ի դատական նիստից հետո Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սամսոն Խաչատրյանը խոսել է դատարանի դահլիճում և հայտարարել, որ ինքը որևէ ոստիկանի չի հարվածել:

Մեղադրյալի խոսքով` նշված վայրում ինչ-որ անձնավորություններ կանանց ու երեխաներին հարվածներ էին հասցնում և վիրավորում, և ինքը փորձել է կանխել այդ գործողությունները: