«Մենք իրա դասերին հաճույքով գնում էինք, ինքը շատ լավ մասնագետ էր, ու իրա դասերը շատ հետաքրքիր էին», – Epress.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր ասել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի ուսանող, ում դասավանդել է վերջերս 1 բացակայի և 2 անգամ ուշացման համար աշխատանքից ազատված դասախոս Նարեկ Մարգարյանը:
ԵՊԼՀ-ի Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում (ԼՄՀ) սովորող Մարգարյանի ուսանողները զրույցի ընթացքում չեն ցանկացել ներկայանալ, բայց ասել են, որ տխուր են Մարգարյանի հեռացման փաստի համար:
«Ահավոր տխուր ա, իրան շատ էինք սիրում, իրա դասերը շատ լավն էին, ու բոլորս էլ մի տեսակ եղանք, որ իմացանք ազատել են աշխատանքից: Ինչի ուրիշ ուշացող դասախոս չկա՞»,- ասում էին ուսանողները:
Epress.am-ի թղթակիցը զրուցել է նաև այլ ֆակուլտետների ուսանողների հետ, ովքեր նշել են, որ ուշացող դասախոսներ միշտ էլ լինում են:
«Եթե առաջին ժամ ա, հա, լինում ա, որ մի 10 րոպե ուշանում են, ոնց որ ուսանողները: Համ էլ նայած դասախոս, մի դասախոս, որ անընդհատ ուշանում ա, կուշանա, բնավորություն ա էլի»,- ասել է 2-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը:
Եղան ուսանողներ, ովքեր նշեցին, որ իրենց դասախոսները դասերից չեն ուշանում: